Ստամբուլի գլխավոր դատախազության պահանջով դատարանի կողմից ձերբակալման որոշում է կայացվել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության մասնակից 18 անձանց վերաբերյալ:
Նշվում է, որ 18-ից 15-ը լրագրողի սպանությունն իրականացնելու նպատակով 2 մասնավոր ինքնաթիռներով սպանության օրը Սաուդյան Արաբիայից Ստամբուլ ժամանած խմբի անդամներն են: Խմբի անդամները նախօրոք մուտք էին գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և Խաշոկջիի մուտք գործելուց հետո 7 րոպեի ընթացքում խեղդամահ էին արել վերջինին, այնուհետև մասնատել են լրագրողի մարմինը և ոչնչացրել: Խմբի անդամների մեջ են եղել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի թիկնապահն ու այդ երկրի գլխավոր դատաբժիշկը, որը և իրականացրել է դիակի մասնատումը: Խումբը նույն օրը վերադարձել էր Սաուդյան Արաբիա:
Հաղորդվում է, որ Թուրքիան դիմել է Սաուդյան Արաբիային նշյալ անձանց թուրքական իրավապահ մարմիններին հանձնելու խնդրագրով, սակայն դրական պատասխան չի ստացել: Մյուս կողմից էլ Ռիադը հայտարարել է, որ վերոնշյալ 18 անձանց մի մասը կալանավորված են և նրանցից 5 վերաբերյալ մահապատժի որոշում է կայացվել:
Թուրքական դատախազությունը նշյալ 18 հոգուն մեղադրանք է առաջադրել այդ երկրի քրեական օրենսգրքի 81 և 82 հոդվածների հատկանիշներով՝ «առանձնակի դաժանությամբ իրականացված կանխամտածված սպանություն»: