00:00:00

Կբացառվի տեղամասերի մոտ մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը. Օսիպյանը Վայոց Ձորում է

18:13, 29 նոյեմբեր 2018

Ընտրություններին թերացումների դեպքում պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին Վայոց ձորի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների, նախընտրական շտաբների ղեկավարների, ինչպես եւ մարզը սպասարկող ոստիկանության ծառայողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Վայոց ձորի մարզում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ մարզպետ Տրդատ Սարգսյանը, ոստիկանության պետն ընդգծեց Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքներով առաջնորդվելու կարեւորությունը։ Վալերի Օսիպյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքով արտահերթ ընտրությունները կանցկացվեն բացառապես քաղաքացու ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա։ Ոստիկանության պետը ներկաներին վստահեցրեց, որ համակարգը ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, եւ ինչպես Երեւանի ավագանու ընտրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հետեւողականորեն արձագանքելու է ցանկացած ահազանգի եւ ապօրինության։ Այս համատեքստում կտրամադրվեն ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն, քանի որ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելված գործողությունների մասին։ «Մենք համատեղ ջանքերով պետք է կանխենք ու բացահայտենք ընտրական գործընթացի վրա ցանկացած հակաօրինական ներգործություն․ դա բխում է բոլորիս շահերից»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության անձնակազմի հետ հանդիպմանը Վալերի Օսիպյանը ամփոփ ներկայացրեց իր պահանջները։ Ոստիկանները առհասարակ, բայց հատկապես ընտրությունների օրը պետք է անթերի կատարեն օրենքով իրենց վերապահված պարտականությունները։ Պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու եւ վերցնելու դեպքերը, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը եւ այլն։ Ոստիկանության պետը տեղեկացրեց, որ թերացումների դեպքում խստագույնս պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլեւ նրանց անմիջական ղեկավարները։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Վայոց ձորի մարզի օպերատիվ իրավիճակին, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, ինչպես եւ քրեածին տարրերի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր