00:00:00

Դիպլոմավորված ուսանողը աշխատանքի երաշխիքներ պետք է ունենա. Աննա Պարսյան

14:49, 29 նոյեմբեր 2018

Irakanum.am-ի զրուցակիցն է  ԱԺ արտահերթ ընտրություններին Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող N 3 ընտրատարածքում  ՀՅԴ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Աննա Պարսյանը։ Մասնագիտությամբ տնտեսագետ Աննա Պարսյանը երկար տարիներ է, ինչ դասավանդում է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, 6 գիտական հոդվածների և 8 առարկայական ծրագրերի հեղինակ է։ Անկուսակցական է, ունի երկու որդի։  Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել: Երկար տարիներ աշխատելով կրթության ոլորտում, քաջատեղյակ լինելով կրթության և երիտասարդության, ինչպես նաև Հայաստանի ագրարային ոլորտի խնդիրներին՝ որոշեցի կուտակածս փորձը ներդնել այդ խնդիրների լուծումների որոնումների մեջ: Անկուսակցական եք, ինչու՞ համաձայնեցիք առաջադրվել ՀՅԴ ցուցակով։ – Չլինելով կուսակցական, բազմաթիվ առիթներ եմ ունեցել մասնակցելու ՀՅԴ կուսակցության կողմից կազմակերպած քաղաքական, մշակույթային և բարեգործական միջոցառումներին, համակիր եմ կուսակցության գաղափարախոսությանն ու ծրագրերին։ Ինչպե՞ս արձագանքեցին ձեր ուսանողները, երբ տեղեկացան, որ առաջադրվել եք: –Շատ ակտիվ արձագանքեցին: Ոմանք շնորհավորում էին, ոմանք իրենց անհանգստացնող հարցերն էին ինձ ուղղում: Շատ հարցեր էին տալիս հենց ընտրությունների անցկացման կարգի մասին, թե ո՞րն է վարկանշային թեկնածուն և այլն:   Ինչո՞վ է առանձնանում ձեր նախընտրական ծրագիրը մյուսներից: Ծրագրային մի քանի կարևորագույն դրույթներ կառանձնացնե՞ք: –Չեմ ուզում ոչ անթիվ խոստումներ տալ, ոչ էլ մյուսներին վատաբանել: Օրենսդիր մարմնում դեռևս փորձ չունեմ, բայց վստահ կարող եմ ասել, որ կփորձեմ առավելագույնս արդարացնել բոլորի սպասելիքները: Երկար տարիներ աշխատելով ՀԱԱՀ-ում՝ ամենակարևոր դրույթը , որ կառանձնացնեմ՝ կրթության դերի կարևորության բարձրացումն է: Պետք է ոչ թե ամպագորգոռ կոչերով, այլ դիպլոմավորված ուսանողին աշխատանքի ապահովման երաշխիքներ տալով հասնել խնդիրների լուծմանը։ Ներկայումս, երբ ուզում են ժամանակակից երևալ երկրի տնտեսութան զարգացման հարցում գերակա են հայտարարում տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի ոլորտները, այն դեպքում, երբ մեր աշխատուժի 34 տոկոսը ներգրվված է գյուղատնտեսության ոլորտում, այսինքն՝ այս ոլորտը հանդիսանում է մեր ազգաբնակչության մեծ մասի հացը ապահովող ոլորտը: Ես վստահ եմ, որ ժամանակակից և բարձր արտադրողական գյուղատնտեսությունը դեռ իր ասելիք ունի 21-րդ դարում:  Բուհական կրթության ոլորտին առնչվող ի՞նչ առանցքային խնդիրներ կան, որոնց լուծմանն ուղղված կոնկրետ ծրագրեր ունեք: –Այսօր բուհական կրթության ոլորտը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ուշադրությանը արժանի առանցքային ոլորտներից է: Քանի որ այնտեղ է ձևավորվում վաղվա աշխատանքային շուկան: Սակայն այսօրվա դիպլոմավորված մասնագետը հիմնականում 70 %-ով չի բավարարում գործատուների պահանջներին: Սա խոսում է շատ հաճախ ուսուցման հին մեթոդների, նորագույն տեխնոլոգիաների պակասի, նույնիսկ հասարակ նյութատեխնիկական անբավարար բազայի մասին:  Ուսանողներն էլ իրենց հերթին բավարար շահագրգռված չեն կրթություն ստանալու նկատմամբ:  Հայաստանյան քաղաքական դաշտում արդյո՞ք նկատելի է կանանց ազդեցությունը: Իհարկե, հատկապես վերջին տարիներին հատուկ նկատելի և ողջունելի է կանանց ազդեցությունը քաղաքական դաշտում: Այնուամենայնիվ, նրանց քաղաքական ներուժի չնչին մասն է օգտագործվում: Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հնարավոր վերականգնել կին-տղամարդ հավասարակշռությունը երկրի օրենսդիր մարմնում: –Կին-տղամարդ հավասարակշռությունը օրենսդիր մարմնում հնարավոր է վերականգնել կանանց մասնակցության ընդլայնմամբ, որ կընդգրկի Ազգային ժողովի բոլոր օղակներ՝ նախագայություն, հանձնաժողովների նախագահներ, բարեկամական խմբեր և այլն: Կանայք ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ պետք է ունենան, սա արտոնություն չէ։ Կարծում եմ, ներկայումս հայ կանայք ունեն բավարար խիզախություն օրենսդիր մարմնում իրենց նշանակալի տեղն ունենալու համար։ Ի՞նչ առանձնահատկություն ունի կինը քաղաքականության մեջ: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է կանացի մտածելակերպն օգնել ինչ-որ խնդրի ավելի ճիշտ լուծում տալու հարցում: –Դաշնակցության հեղափոխականությունը նաև իր առաջադեմություն մեջ է. հայ կնոջ դերը հատուկ է կարևորվում  ինչպես ընտանիքի, այնպես էլ պետության կայացման ու զարգացման գործում: Գիտելիքներով ու հմտություններով օժտված են բոլորը: Կարծում եմ՝ ցանկացած խնդրի արդյունավետ լուծում գտնելու հետաքրքիր տարբերակներ կարող են առաջարկել հենց կանայք: Առաջին Հանրապետության տարիներին հայ կանայք ունեին ընտրելու և ընտրվելու իրավունք, առաջին կին դեսպանը աշխարհում հայուհի Դիանա Աբգարն էր և այլն. սա պատահական չէր, քանի որ հայ կանայք մեծ ներդրում ունեին Ազատ և Անկախ Հայաստանի հիմնադրման գործում: Մենք շատ անելիք ունենք նաև հիմա, և կանանց ներուժից չօգտվելը աներելի է:  Որքանո՞վ են այսօր Հայաստանում պաշտպանված կանանց իրավունքները: Այսօր իրոք ՀՀ-ում կանայք իրավունքների պաշտպանության կարիք ունեն: Հատկապես մարզաբնակ կանայք: Ցավալի է արձանագրել կանանց և երեխաների նկատմամբ բազմաթիվ բռնությունները, սպանությունները: Անհրաժեշտ է բարձրաձայնել դրանց մասին և ոչ թե լռել: Ծեծվելու և լռելու ավանդույթ մենք չունենք: Մեր հասարակությունը ցանկացած նման դեպքի մասին իր վերաբերմունքը պետք է հստակ արտահայտի: Ի՞նչ հետաքրքրություններ ունեք աշխատանքից դուրս։ –Ազատ ժամանակ հիմնականում մասնակցում եմ որակավորման բարձրացման դասընթացների (հաշվապահություն, հաշվապահական ծրագեր, օտար լեզուներ): Սիրում եմ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգիստ: Ինձ համար առաջնահերթ է ընտանիքիս երջանկությունը: Շատ եմ սիրում տղաներիս հետ զբոսնել քաղաքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր