00:00:00

«168 ժամ». Մարտունու մի շարք դպրոցներից աշակերտներին տարել են վարչապետի հետ հանդիպման

14:03, 22 նոյեմբեր 2018 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Նոր, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցից։ Երեկ արդեն իսկ ՀՀԿ-ն վարչապետին մեղադրել էր քարոզարշավի մեկնարկից շուտ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու համար, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսեւորում է: ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ն. Փաշինյանն իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով, այլ գործով»։ Բնականաբար, իշխանություններն ամեն կերպ հերքում են վերոբերյալ մեղադրանքը, սակայն «168 Ժամի» աղբյուրները հայտնում են, որ Գեղարքունիքի մարզ վարչապետի կատարած աշխատանքային այցի ժամանակ, մասնավորապես Մարտունի քաղաքի մի շարք դպրոցներից աշակերտներին դասերից հանել եւ բերել են վարչապետի հետ հանդիպման՝ ըստ էության խաթարելով դասապրոցեսը։ Տեղեկությունն ավելի արժանահավատ է դառնում հենց իր՝ վարչապետի ելույթի ֆոնին, երբ դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նա ասաց. «Ձեր մի քվեն որեւէ մեկին տալով՝ դուք վճռում եք էս երեխեքի ճակատագիրը, ովքեր դեռ քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը շատ ակտիվ մասնակցեցին»,- ապա դիմելով հավաքված դպրոցականներին՝ հարցրեց,  թե արդյո՞ք նրանք մասնակցել են հեղափոխությանը, ու դրական պատասխան ստանալով՝ ասաց, որ հպարտանում է նրանցով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր