Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում (մեջլիսում) ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան պղծմանը:
Մեջլիսում տեղի ունեցած պլանավորման և բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանը այդպես էլ չի ապամոնտաժվել՝ չնայած ժամանակին զբոսաշրջության և մշակույթի նախարարը հրահանգել էր ապամոնտաժել այն:
Փայլանը մասնավորապես ասել է. «Մշակույթի նախարարին ասացի, որ Վանի Արտամետում դրախտային մի վայր կա, այնտեղ հայկական գերեզմանոցի վրա զուգարան են կառուցել: Ասացի, որ դա անխղճություն է: Նուման Քուրթուլմուշը (մշակույթի նախկին նախարար-խմբ.) իսկույն հրահանգեց, որ քանդեն, սակայն պետական կառավարիչը (Արտամետի քաղաքապետարանում պետության կողմից նշանակված հոգաբարձու-խմբ.) ասաց՝ չի քանդվելու այդ զուգարանը: Սա խի՞ղճ է, սա՞ է արդարությունը, սա՞ է իրավունքը: Ոչ մի խիղճ չի կարող սա ընդունել: Այդ զուգարանը դեռևս կանգնած է մարդկանց ոսկորների վրա»:
Հիշեցնենք, որ Արտամետի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հանրային լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ էին կառուցվել:
Խնդրի շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին 2017-ի նոյեմբերին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն:
Սակայն քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված պետական կառավարիչ Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան:
Հակառակ վերոնշյալ պնդումներին՝ Փայլանն այցելել էր Արտամետում գտնվող հայկական այն նույն գերեզմանոց, որի տարածքում կառուցվել է զուգարանը: Փայլանը հավաքել և հողին էր հանձնել գերեզմանոցի տարածքում այս ու այն կողմ թափված ոսկորները, որոնք շինարարական աշխատանքների հետևանքով դուրս էին եկել գերեզմաններից:
Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա հորատել ու ավերել են տեղանքը: