00:00:00

Հայ երգչուհի Լեոնորան 8 Գրան պրի է նվաճել

18:58, 16 նոյեմբեր 2018 Մշակույթ

Դասական երգչուհի Լեոնորան՝ Արևիկ Թանաշեանը, արժանացել է մի շարք մրցանակների: Դասական երաժշտության հետևորդները մեծաթիվ չեն, քանզի ամեն մեկին տրված չէ այն ընկալելու շնորհը, սակայն Արևիկը նախընտրում է հենց այդ փոքրիկ լսարանը, ով ունակ է լսել ու գնահատել դասականը: Մեր թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ երբեք չի զղջացել, որ դասական ճյուղն է ընտրել,այն ճյուղը, որը մեծ հետք է թողել հայկական մշակույթի զարգացման հարցում: «Ես դեմ չեմ նորամուծությունների, վերջիվերջո, պարտավոր ենք քայլել ժամանակին համընթաց, սակայն կուզենայի արդիականին նաև զուգակցել հինը, ավանդականը՝ պահպանելով մեր ամենաթանկը, ամենագեղեցիկը»,-ասաց նա: Այն հարցին թե , ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ պետությունը պատշաճ ուշադրության չի արժանացնում դասական երաժշտությանն ու երգիչ-երգչուհիներին, Արևիկը պատասխանեց. «Յուրաքանչյուր երկրի մշակութային հարցերով զբաղվող մարդիկ պարտավոր են գիտակցել իրենց բաժին հասած պատասխանատու և դժվարին աշխատանքի լրջությունը, քանի որ մշակույթը երկրի դեմքն է»: Արևիկի խոսքով՝ մշակույթով է հարստանում ոչ միայն անհատը, այլ նաև երկրի կենցաղը, առօրյան և սերունդների դաստիարակությունը: 2016 թվականից սկսած Արևիկ Թանաշեանը հանդես է գալիս միջազգային մրցույթներում՝ որպես միջազգային ժյուրի: Երգչուհին վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ համերգների է մասնակցել,հիմնականում՝ բարեգործական հիմունքով: 2017թ. նոյեմբերի 1-ին «Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի» «Wapa» (World accociation of performing arts)-ի կողմից արժանացել է ոսկե մեդալի: «Wapa»-ի կողմից երգչուհին արժանացել է նաև «Վաստակավոր արտիստ»-ի կոչմանը: 2018թ. հոկտեմբերին Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված 2-րդ համահայկական մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա լավագույն մանկավարժ»-ի կոչմանը: 2018թ. հոկտեմբերի 10-ի հրամանագրով՝ ԿԱՀԱ-ի նախագահ Արման Ղուկասյանի որոշմամբ՝ արժանացել է Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի «Մշակույթի վաստակավոր», «Անահիտ» ոսկե շքանշանի: «Արևիկն արտերկրում մշտապես բարձր է պահել Հայաստանի պատիվը: Միջազգային մրցույթներում նա արժանացել է 8 Գրան պրիի: Մասնագիտական բարձր որակ ունենալուց բացի նա նաև մարդկային բարձր որակներ ունի, հրաշալի մանկավարժ է, շատ համեստ երգչուհի է և երբեք չի մեծամտանում»,-ասաց «Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի» ղեկավար Արման Ղուկասյանը: Դասական երգչուհին այժմ աշխատում է ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում՝ որպես երգարվեստի խմբակի ղեկավար՝ սաներին դաստիարակության մեջ հիմք հանդիսացնելով Կոմիտասի, Եկմալյանի, Նարեկացու պատվիրանները՝ չանտեսելով օտար կոմպոզիտորների թողած ավանդները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր