00:00:00

ՀՀԿ-ն շարունակում է մնալ հովանավորչության ներքո. «Երկիր Ծիրանի»

15:05, 22 փետրվար 2018

ՀՀԿ-ն շարունակում է մնալ հովանավորչության ներքո: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում տեղակայված Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակեղծարարության վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ իր դուստր ու վստահված անձ` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Լիլիթ Դրամփյանը հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին: Հարուցված քրեական գործի (որի շրջանակներում Զարուհի Փոստանջյանը եւ Լիլիթ Դրամփյանը ճանաչվել էին որպես տուժողներ) նախաքննությունն ավարտվել էր քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, չնայած Զարուհի Փոստանջյանի եւ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնությունները եւ ապօրինությունները հեռարձակվել էին ուղիղ եթերով: Դեռ ավելին՝ չնայած որ քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին որոշումը եւ այն լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձրել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, այնուամենայնիվ` վերջինս կայացրել է քրեական գործը կարճելու մասին որոշում՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ: Սույն որոշումը Զարուհի Փոստանջյանը եւ Լիլիթ Դրամփյանը բողոքարկել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որի արդյունքում կայացվել է որոշում՝ բողոքը մերժելու մասին: Քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, իրավապահ մարմինները հերթական անգամ հովանավորում եւ կոծկում են Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)` սովորական դարձած ապօրինությունները: Ապօրինության քողարկումով` խախտվել են Զարուհի Փոստանջյանի եւ Լիլիթ Դրամփյանի հիմնարար իրավունքները եւ ազատությունները՝ նախատեսված Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի մի շարք (1-ին, 3-րդ, 5-րդ, 14-րդ,) հոդվածներով: 2018 թվականի փետրվարի 21-ին Զարուհի Փոստանջյանը եւ Լիլիթ Դրամփյանը դիմել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բողոքարկելով քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 14-ին ՀՀԿ-ի իշխանազավթումը նորից ապահովող ոստիկանները, բացահայտ ապօրինի հրամանի ներքո, փորձում էին բերման ենթարկել Ազգային ժողովի պատգամավորի (առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ), ով նաեւ հանդիսանում էր Երեւանի քաղաքապետի թեկնածու եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ ի պաշտոնե ահազանգել էր ոստիկանություն` կատարվող հանցագործության մասին: Մինչդեռ ոստիկանները բռնություններ եւ ֆիզիկական ուժ կիրառեցին Զարուհի Փոստանջյանի եւ նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, պատճառեցին մարմնական բազմաթիվ վնասվածքներ՝ ընդհուպ մինչեւ Լիլիթ Դրամփյանին գլխուղեղի ցնցում պատճառելը, ապա առեւանգեցին Լիլիթ Դրամփյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր