00:00:00

«Պա բռատսկի՝ մորթեք դրան․․․». Ինչ է իրականում հորդորել Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամին

02:03, 31 հոկտեմբեր 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը: Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը՝ «Բդո» մականունով: Ըստ մեղադրանքի, Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ի ն մասով: Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ: Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է: Դատարանը դատական վիճաբանությունների փուլում է: Նախորդ դատական նիստում մեղադրող Գևորգ Գևորգյանը, հաստատված գնահատելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, միջնորդել էր ՝ Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման: Պաշտպանական ճառերի շարքը սկսեց Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա մեղադրողի ճառն անվանեց «ոչ օբյեկտիվ», այդ ճառով, ըստ պաշտպանի, ներկայացվեց դատախազության «որդեգրած ոչ օբյեկտիվ, կողմնակալ» դիրքորոշումը: Ըստ Երեմ Սարգսյանի՝ շուրջ 8 ամիս տևել է այս գործի նախաքննությունը,1 տարի 3 ամիս ընթանում է դատաքննությունը, և այդ ամբողջ ընթացքում մեղադրանքի կողմը չի ներկայացրել այնպիսի հիմնավորումներ, որոնք անկողմնակալ ունկնդրի մոտ համոզմունք կառաջացնեին, որ մեղադրանքները հիմնավոր են: Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի՝ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը չի համապատասխանում գործով հավաքված ապացույցներին: Պաշտպանը հիշեցրեց, որ դատական քննության սկզբնական փուլում, երբ ճշտվում էր ամբաստանյալի դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ, ինքը հայտարարել է, որ Ալիկ Բանդուրյանին պարզ ու հասկանալի չէ առաջադրված մեղադրանքի էությունը: Ալիկ Բանդուրյանին մեղսագրված է, որ նա «դրդել… հորդորել… օժանդակել է…» խմբի կողմից Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելուն : Հետևաբար, ըստ փաստաբանի, այս ծավալի մեջ չեն մտնում Մուշեղյանին պատճառված միջին ծանրության, թեթև ու թեթևի հատկանիշներ չպարունակող վնասվածքները: Սակայն մեղադրանքում, ըստ պաշտպանի, նշված չեն կոնկրետ այն ծանր վնասվածքները, որոնք Մուշեղ Մուշեղյանին հասցվել են Ալիկ Բանդուրյանի դրդմամբ ու հորդորներով: Պաշտպանը հիշեցրեց, որ դատական քննության սկզբնական փուլում մեղադրանքի կողմը ի պատասխան իր բարձրացրած հարցի՝ պարզաբանել է Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը: Մասնավորապես՝ ասվել է, թե Ալիկ Բանդուրյանի մեղադրանքի ծավալում են Մուշեղ Մուշեղյանին պատճառված ա՛յն վնասվածքները, որոնք նրա մահը չեն առաջացրել: Պաշտպանը նշեց, որ, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Մուշեղ Մուշեղյանին պատճառվել է երկու ծանր վնասվածք, բայց այդ երկուսն էլ պատճառական կապի մեջ են նրա մահվան հետ: Խոսքը որովայնի խոռոչ թափանցած հրազենային կույր վիրավորման ու որովայնի առաջնային պատին դանակով հասցված թափանցող վնասվածքի մասին է: Ընդ որում՝ գործի քննությամբ հաստատվել է, որ հրազենային վնասվածքը Մուշեղ Մուշեղյանն ինքն է անզգուշությամբ պատճառել իրեն, երբ կրակոցներ էր արձակում մյուսների վրա, իսկ դանակով վնասվածքը հասցրել է Գևորգ Ա.-ն, ով մահացել է Մուշեղյանի կրակոցից: Գևորգի հասցրած հարվածը Մուշեղյանի մահվան հետ պատճառական կապի մեջ է, սակայն այն հասցվել է էքսցեսի արդյունքում՝ այսինքն՝ դեպքի կատարման ընթացքում է, ըստ առաջադրված մեղադրանքների, առաջացել Մուշեղ Մուշեղյանին սպանելու դիտավորությունը: Հետևաբար՝ Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքի ծավալի հետ այդ վնասվածքը նույնպես կապ ունենալ չի կարող: Պաշտպանը հռետորական հարցադրում կատարեց՝ եթե Մուշեղյանին պատճառված ծանր վնասվածքները վերոհիշյալ երկու վնասվածքներն են եղել, ու մեղադրանքի կողմն ասում է, թե սրանք կապ չունեն Բանդուրյանի մեղադրանքի հետ, որովհետև առաջացրել են Մուշեղյանի մահը, ապա որո՞նք են այն ծանր վնասվածքները, որոնք Մուշեղյանին հասցվել են Բանդուրյանի դրդչությամբ ու հորդորով: Իսկ եթե այդպիսի վնասվածքներ Մուշեղյանին չեն հասցվել դեպքի վայրում չգտնվող Բանդուրյանի կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, ապա ինչո՞ւ է Ալիկ Բանդուրյանին մեղադրանք առաջադրվել ավարտված հանցագործության դրդելու, այլ ոչ թե՝ հանցագործություն նախապատրաստելու կամ գոնե՝ հանցափորձի համար: Ինչո՞ւ պիտի Բանդուրյանը պատասխան տա ավարտված հանցագործության համար, եթե նրանք, ում հորդորել է, «հորդորված» հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Օրենքի պահանջն այն է, որ եթե հանցավոր արարքը ավարտին չի հասցվում, ապա հանցագործության կազմակերպիչը, դրդողը պատասխանատվության է ենթարկվում հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար: Ըստ պաշտպանի՝ եթե անգամ ընդունելու լինենք, որ Բանդուրյանը հորդորել է, ապա հենց մեղադրանքի կողմը իր տված պարզաբանումով ընդունել է, որ նրա հորդորած հանցագործությունն ավարտին չի հասցվել Բանդուրյանի կամքից անկախ պատճառներով: Պաշտպանը հիշեցրեց, որ նախաքննության համարյա ամբողջ ընթացքում Ալիկ Բանդուրյանին մեղադրանք էր առաջադրված խմբին դիտավորյալ սպանության դրդելու, դիտավորյալ սպանություն նախապատրաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նախաքննության ավարտին արարքը վերաորակվել է՝ որպես 38-35-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով արարք: Սակայն գործի քննության օրինականությունը հսկող դատախազը գտել է, որ խոսք կարող է գնալ ոչ թե հանցավոր արարքի նախապատրաստության, այլ ավարտուն հանցավոր արարքի մասին, ու մեղադրանքը նորից փոխվել է՝ դառնալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված: Պաշտպանը նշեց՝ եթե պայմանականորեն ընդունենք, որ Ալիկ Բանդուրյանը կոնկրետացված դիտավորություն է ունեցել ու Պետրոս Իսրայելյանի հետ հեռախոսազրույցում դրդել է հատկապես ծանր վնասվածքներ պատճառել Մուշեղյանին, ապա այդ արարքը նրա կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ ավարտին չի հասցվել: Երեմ Սարգսյանը նշեց, թե այս ամենը պաշտպանական կողմին պարզ էր դատական քննությունը սկսվելու փուլից՝ երբ մեղադրանքի կողմը պարզաբանում տվեց Բանդուրյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Դրանից հետո արդեն էական էլ չէր՝ ինչ կհետազոտվի դատարանում՝ պաշտպանական կողմի համար հստակ էր՝ կա ձևակերպում, որը չի համապատասխանում ապացույցներին: Պաշտպանական կողմը գտնում է, որ առկա ձևակերպմամբ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքի պարագայում պարտադիր պայման պիտի լինի՝ որ Բանդուրյանը հատկապես կոնկրետացված ուղղակի դիտավորություն ունենար Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու, սակայն քանի որ այդ արարքն ավարտին չի հասցվել, հետևաբար, եթե անգամ Բանդուրյանը կատարել է դրդչություն, ապա նա պատասխան պիտի տա՝ ըստ փաստացի առաջացած հետևանքի: Չավարտված հանցագործության որակման համար պարտադիր պայման է ուղղակի դիտավորության առկայությունը: Ըստ Երեմ Սարգսյանի՝ գործում առկա ապացույցներից ակնհայտ է, որ Ալիկ Բանդուրյանը չի հորդորել Մուշեղյանին հատկապես ծանր վնասվածք հասցնել, նա չկոնկրետացված, անորոշ դիտավորություն է ունեցել: Պաշտպանը նորից հիշեցրեց մեղադրանքի կողմի տված պարզաբանումը՝ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ «Բանդուրյանի դիտավորությունը ուղղված է եղել Մուշեղյանի առողջությանը պատճառել ցանկացած վնաս, այդ թվում՝ ծանր…»: Այս ձևակերպման մեջ ծանր վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն տեսնելն անհնար է՝ ըստ Երեմ Սարգսյանի: Եվ մեղադրանքի կողմի հիշյալ պարզաբանումը բավական է պնդելու համար, որ Ալիկ Բանդուրյանը չի կարող պատասխանատվություն կրել ծանր վնասվածք պատճառելու նախապատրաստության կամ հանցափորձի դրդելու համար, այլ ՝ միայն այն վնասվածքների համար, որոնք պատճառվել են Մուշեղյանին ու կապ չեն ունեցել նրա մահվան հետ: Պաշտպանը նշեց՝ չկա գործով անցնող որևէ վկա, որը կվկայեր այս գործին Ալիկ Բանդուրյանի ունեցած առնչության մասին: Միակ ապացույցը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումներն են: Պաշտպանը մեջբերեց մեղադրանքի կողմի համար առանցքային հանդիսացող՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունից հատվածներ, մասնավորապես, ըստ վերծանումների, Ալիկ Բանդուրյանը արտահայտել է հետևյալ մտքերը. «Մորթում ենք դրան… Բռատ, դրան դրեք, սատկացրեք… Թող կիսատ-պռատ չծեծեն… Պա բռատսկի՝ մորթեք դրան… Ծեծելուց նենց ջարդեք, որ հիվանդանոց ընկնի…»: Երեմ Սարգսյանը մինչև անգամ հիշատակեց Աղայանի բացատրական բառարանը՝ հիմնավորելու համար, որ «մորթեք, սատկացրեք»՝ Ալիկ Բանդուրյանին վերագրված արտահայտությունները ո՛չ սպանելու դիտավորություն են արտահայտում, ո՛չ էլ կոնկրետ ու հաստատապես՝ Մուշեղյանին ծանր վնասվածքներ պատճառելու դիտավորություն: Դրանք ասված են… փոխաբերական իմաստով… և արտահայտում են չկոնկրետացված, անորոշ դիտավորություն: «Ծեծ» ասելով՝ ոչ ոք չի կարող նախապես ասել՝ ինչ ծանրության ծեծ կլինի՝ ուժե՞ղ, շա՞տ ուժեղ, չտեսնվա՞ծ ուժեղ… Եվ՝ որ արդյունքում էլ անպայման ծանր վնասվածք կպատճառվի… Պաշտպանն ընդգծեց՝ մեղադրանքի կողմն էլ այս արտահայտությունների մեջ սպանելու հորդոր, դրդչություն չի տեսել, այդ պատճառով էլ փոխել է մեղադրանքը ու մեղադրանք է առաջադրել ծանր վնասվածք հասցնելու դրդչության համար, ինչը նույնպես գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվում: Երեմ Սարգսյանը նշեց՝ Բանդուրյանը չէր կարող իմանալ, որ Մուշեղյանն ինքն իր վրա կկրակի, նա չէր կարող իմանալ նաև, որ էքսցեսի արդյունքում Գևորգը կդանակահարի Մուշեղյանին: Երեմ Սարգսյանը հիշատակեց, որ Մուշեղ Մուշեղյանին պատճառվել են ծանրության այլ աստիճանի մի քանի վնասվածքներ՝ միջին ծանրության վնասվածք՝ անդամահատվել է նրա մատը, դա էլ հայտնի չէ՝ ինչի արդյունքում, հնարավոր է՝ անզգույշ կրակոցի արդյունքում ինքն է իրեն վնասել: Պատճառվել են նաև թեթև ու թեթև վնասվածքի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Պաշտպանի կարծիքով՝ Ալիկ Բանդուրյանին ինչ-որ կերպ մեղավոր ճանաչելու դեպքում նրա արարքը պետք է վերաորակվի՝ ըստ առաջացած հետևանքի, բայց խոսքը մահվան մասին չի կարող լինել, քանի որ նա, ըստ մեղադրանքի, սպանության դրդչություն չի կատարել… Միևնույն ժամանակ Երեմ Սարգսյանն ընդգծեց՝ իր նկատառումները չեն նշանակում, թե պաշտպանական կողմը գտնում է, որ Բանդուրյանը կատարել է որևէ հանցավոր արարք: Ըստ պաշտպանի՝ գործում չկա ապացույցների այն համակցությունը, որը կասկածից վեր մակարդակի վրա կապացուցի Ալիկ Բանդուրյանի մեղավորությունը: Երեմ Սարգսյանը մանրամասն անդրադաձավ Ալիկ Բանդուրյանի մեղավորությունը հիմնավորող միակ ապացույցին՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման վերծանումներին՝ որպես անթույլատրելի ապացույց գնահատելով դրանք: Մասնավորապես՝ հեռախոսային խոսակցությունները «վերահսկվել են» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ոչ թե՝ քննչական գործողության: Դատարանին ու պաշտպանական կողմին չեն ներկայացվել հեռախոսային խոսակցությունների վերահսկման օպերատիվ-հետախուզական միջոցառման թույլտվություն ստանալու համար դատարան ներկայացված փաստաթղթերը, հետևաբար՝ խախտվել է հավասարության սկզբունքը, պաշտպանական կողմը զրկված է այդ միջոցառումը կատարելու օրինականությունը վիճարկելու հնարավորությունից: Դատարանն էլ չունի այդ փաստաթղթերը, հետևաբար՝ զրկված է միջոցառումը կատարելու օրինականությունը ստուգելու, օբյեկտիվ հետևության հանգելու հնարավորությունից: Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ Կենտրոնի դատարանից հիշյալ փաստաթղթերը պահանջելու՝ իր միջնորդությունը դատարանը մերժել է, սակայն որոշ ժամանակ անց Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական ակտը բեկանել է՝ հենց նմանատիպ խախտումը նկատի առնելով ու դրա վերաբերյալ նախադեպային որոշում կայացնելով: Պաշտպանը որպես անթույլատրելի ապացույց գնահատեց նաև «Ներքին դիտում» գործողությունը, որի ժամանակ Ալիկ Բանդուրյանը գաղտնի ձայնագրվել էր, ապա նրա ձայնի նմուշն ուղարկվել էր փորձաքննության ու հաստատվել էր, որ գաղտնալսված հեռախոսազրույցներում հնչել է նրա ձայնը: Ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է կատարեր ոչ թե օպերատիվ-հետախուզական, այլ՝ քննչական գործողություն՝ օրենքի պահանջին համապատասխան՝ պետք է ձայնի նմուշ վերցներ Ալիկ Բանդուրյանից ընթերակաների ներկայությամբ, նմուշը փաթեթավորելով և այլն: Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաև Արմեն Գասպարյանի՝ «Բդոյի» հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու գործողությանը, ընդգծեց, որ այն կատարվել է օրենքի խախտումներով և՝ բոլորովին այլ՝ ինչ-որ գողության գործի շրջանակներում, որով Արմեն Գասպարյանի մասնակցությամբ հետագայում որևէ այլ գործողություն չի կատարվել և, ընդհանրապես, գաղտնալսման թույլտվություն ստանալու միջնորդությունը ներկայացվել է այն նույն օրը, որ օրը գողության հիշյալ գործը կասեցվել է՝ կատարողին չհայտնաբերելու հիմնավորումով: Գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները չեն կարող ապացույց լինել նաև այն պատճառով, որ, ըստ պաշտպանի, դեպքը այդ խոսակցությունների ժամանակ ներկայացվել է չափազանցված ձևով՝ ասվել է, թե Մուշեղյանին դանակի մի քանի հարված է հասցվել, բայց իրականում հասցվել է մեկ հարված, ասվել է, թե մահակներով ու բահերի կոթերով ջարդել են Մուշեղյանին, ջարդել են նրա ոտքերը, բայց գործի քննությամբ չի հաստատվել դեպքի վայրում մահակների, բահերի կոթերի առկայությունը, չի հաստատվել, որ Մուշեղյանին դրանցով հարվածներ են հասցվել, առավել ևս՝ որ ջարդվել են նրա ոտքերը… «Ո՞ւր ա գործում էնպիսի ապացույց , որը հաստատում է, թե Ալիկ Բանդուրյանն իրեն մեղսագրված արարքը կատարել է… Մեղադրանքի հիմքում միայն ենթադրություններ են»,- ասաց պաշտպանը: Նա պահանջեց մեղսագրված արարքի համար արդարացնել Ալիկ Բանդուրյանին: Սակայն, եթե դատարանը նրան այնուամենայնիվ, մեղավոր կճանաչի, ապա պետք է վերաորակի արարքը՝ որպես միջին ծանրության վնաս պատճառելու դրդչություն կամ՝ որպես ծանր վնաս պատճառելու նախապատրաստություն կամ՝ ծանր վնաս պատճառելու հանցափորձի դրդչություն… Երեմ Սարգսյանը թվարկեց նաև մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք դատարանը պետք է հաշվի առնի՝ Ալիկ Բանդուրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս՝ նա վատառողջ է, նրա առողջական վիճակը այս գործի քննության ընթացքում վատթարացել է, նա հատուկ բուժման կարիք ունի, երկրորդ խմբի անժամկետ հաշմանդամ է, խնամքին ունի երեք անչափահաս երեխա, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխա: Պարզվեց, որ Ալիկ Բանդուրյանը երեխաների հայրությունը փաստաթղթային ձևով չի ճանաչել, բայց դատարանը քրեական գործին կցեց երեխաների վերաբերյալ փաստաթղթերը նույնպես: Ալիկ Բանդուրյանի մյուս երկու պաշտպանները՝ Մկրտիչ Վասակյանն ու Լուսինե Ավագյանը, միացան Երեմ Սարգսյանի պահանջներին: Լուսինե Ավագյանը ներկայացրեց փաստաթղթեր՝ Ալիկ Բանդուրյանի բացակայությունը հոգեբանորեն ծանր տանող տասնմեկամյա որդու վերաբերյալ, նաև ասաց, թե ինքն էլ է պնդում, որ Ալիկ Բանդուրյանն է երեխաների հայրը… Փաստաբան Լուսինե Ավագյանը նաև ամբաստանյալ Արմեն Գասպարյանի՝ «Բդոյի» շահերի պաշտպանն է: Նա պաշտպանական ճառով հանդես եկավ և ասաց, որ Արմեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքն «ամբողջովին հիմնազուրկ է»: Պաշտպանը հռետորական հարց հնչեցրեց. «Ի՞նչ է նշանակում մեղադրանքի ձևակերպումը, թե՝ Արմեն Գասպարյանը հաստատապես իմացել է նախապատրաստվող ծանր հանցագործության մասին»: Ո՞վ կարող է հաստատապես ասել, թե Արմեն Գասպարյանը ինչ-ինչ հեռախոսային խոսակցություններից հաստատապես պիտի հետևություն աներ, որ ծանր հանցագործություն է նախապատրաստվում: Եթե հետևություն անողներ էին, թող Արմեն Գասպարյանին դեպքից առաջ գաղտնալսող իրավապահները նման հետևություն անեին ու կանխեին նախապատրաստվող ծանր հանցագործությունը: Պաշտպանը պահանջեց մեղսագրված արարքի համար արդարացնել Արմեն Գասպարյանին: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր