00:00:00

«Հրապարակ». Վարչապետի ելույթից հետո Փարսյանի ընտանիքի բիզնեսներում ստուգումներ են սկսվել. «խոշոր անակնկալ» կլինի՞

14:01, 27 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ՊԵԿ-ը է սկսել Կապանի նորընտիր քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում։ Քաղաքապետի հայրը Սյունիքում հայտնի «Շինկանտորի» հայտնի բիզնեսմեն Ռազմիկն է։ Գեւորգ Փարսյանը երեկ մեզ հետ զրույցում, սակայն, վստահեցրեց, որ ստուգումները պլանային են եւ որեւէ կապ չունեն Փաշինյանի ելույթի հետ։ «Դրանք նախապես ծրագրված ստուգումներ էին, մենք հանկարծակիի չենք եկել, երեկ ավարտել են, հիմա պետք է Երեւանում քննարկեն արդյունքները»,- ասաց նա։ Արդյունքները հնարավո՞ր է խոշոր «անակնկալ» մատուցեն Փարսյաններին։ «Դժվար թե»,- երկյուղած պատասխանեց Կապանի նորընտիր քաղաքապետը։ Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության օրը խորհրդարանում իր ելույթի ժամանակ Փաշինյանը խմբագրեց օրեր առաջ Կապանի ընտրություններին տված իր գնահատականը եւ հայտարարեց, որ այնտեղ հաղթել է հակահեղափոխությունը, մինչդեռ դրանից մի քանի օր առաջ նա ճիշտ հակառակ տեսակետն էր հայտնել, թե դա հեղափոխության հաղթանակն է, որովհետեւ ազատ ընտրություններ են կայացել, եւ իշխանության թեկնածուն ազնիվ պայքարում պարտվել է։ Իր գնահատականը խմբագրելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: Նորընտիր քաղաքապետը չի լսել վարչապետի խոսքը, թե հակահեղափոխությունն է Կապանում հաղթել։ «Ես կասեի հակառակը՝ մեզ մոտ հաղթել է հեղափոխությունը»,- պատասխանեց նա, ապա հստակեցրեց․ «Ես չեմ հասկանում՝ ինչ կատեգորիա է «հեղափոխություն-հակահեղափոխություն», մեզ մոտ ազատ, արդար ընտրություն է եղել»։ Այսինքն՝ տնտեսական-քրեական օլիգարխիան չի՞ գործել։ «Դե լավ, էլի, ես չեմ հասկանում՝ ինչի են նման բաներ հայտարարում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր