00:00:00

ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կորեայից ներդրումների ներգրավմամբ. Փաշինյանը՝ Կորեայի դեսպանին

21:06, 18 հոկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գընին: Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք կարեւորում են հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը նաեւ այն համատեքստում, որ Հայաստանում ցանկանում ենք իրականացնել տնտեսական քաղաքականության մեջ այնպիսի հեղափոխություն, ինչպիսին տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում»: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Կորեայի Հանրապետությունից ներդրումների ներգրավմամբ եւ համատեղ ծրագրերի իրականացմամբ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանը միակողմանիորեն Կորեայի քաղաքացիներին ազատել է մուտքի արտոնագրի պահանջից եւ հույս հայտնել, որ դա կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջեւ կապերի սերտացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորեական թերակղզում քաղաքական իրադարձությունների մասին, ողջունել է իրականացվող այն քայլերը, որոնք միտված են լարվածության նվազեցմանը: Ու Յուն Գընը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Նիկոլ Փաշինյանին փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահի ջերմ ողջույնները: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել տնտեսական ոլորտում իրականացված քաղաքականության փորձով եւ հավելել, որ իրենք եւս շահագրգիռ են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ: Նա վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 19-ին Երեւանում ստորագրվելիք Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը նոր թափ կհաղորդի բիզնես կապերի ընդլայնմանը: Ու Յուն Գընը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանում են  գտնվում մի խումբ կորեացի գործարարներ, ովքեր ուսումնասիրում են Հայաստանի ներդրումային միջավայրն ու շահագրգռված են ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Դեսպանը նաեւ շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ երկու կորեաների միջեւ առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցություն ցուցաբերելու համար: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու  առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը առաջին անգամ դիտորդի կարգավիճակով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար եւ շնորհակալություն հայտնել այդ երկրի կառավարությանը՝ մինչ այժմ Հայաստանին ցուցաբերած տեխնիկական օժանդակության, ինչպես նաեւ Հայաստան գաղթած սիրիահայերին աջակցելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է  հայտնել Կորեայի Հանրապետությանը՝ ԼՂ հիմնախնդրի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր