00:00:00

 Օշականում նշվել է գյուղի տոնն ու Սուրբ Թարգմանչաց տոնը

16:43, 16 հոկտեմբեր 2018 Մշակույթ

 Օշականում նշվեց գյուղի տոնն ու Սուրբ Թարգմանչաց տոնը: Գյուղի տոնը նշվում է երկրորդ տարին` «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության ջանքերով: Այս տարի օրը համընկավ նաև Սուրբ Թարգմանչաց տոնի հետ: Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում վաղ առավոտից  «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության կամավորները հյուրերին դիմավորել, այնուհետև ցանկացողների համար շրջայց էին կազմակերպել գյուղի մի քանի պատմամշակութային վայրեր: Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Սուրբ Թարգմանչաց տոնին նվիրված պատարագից հետո Օշականի մշակույթի պալատում տեղի ունեցավ տոնական համերգ, որին մասնակցում էին տարբեր հեռուստանախագծերից հայտնի երգիչներ, պարային խմբեր, նաև՝ տաղանդաշատ օշականցիներ: Համերգի հասույթն ուղղվելու է անապահով փոքրիկներին: Համերգի ժամանակ ելույթ ունեցան Վահե Մարգարյանը( Իքս Ֆակտոր 3-ի հաղթող), Անահիտ Հակոբյանը(Հայաստանի Ձայնը և Իքս Ֆակտորի եզրափակչի մասնակից ), Լիլիթ Հովակիմյանը, Հայկ Ալթունյանը, Նվարդ Հովակիմյանը, Դավիթ Աղասին, Անի Սայադյանը, Անի Մուրադյանը, Համլետ Սասունցին, Մարգար Մշեցին, Անի Խաչատրյանը, « Mutant’s Academy» համույթը, Օշականի Անժելա Շահնաբադյանի անվան ժող. պարերի համույթը, Օշականի մշակույթի պալատի լատինամերիկյան պարային համույթը, Ոսկեհատի «Ոսկեվան» պարային համույթը և «Արի Օշական»-ցիներ Մերի Խաչիկյանը, Էրիկ Միրիջանյանն ու Լիանա Հարությունյանը: Մշակույթի պալատի նախասրահում օշականցի տաղանդավոր նկարչուհի, ԽՍՀՄ և ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, հայրենական և արցախյան պատերազմների մասնակից Գուրգեն Դալիբալթյանի թոռնուհի Գոհար Ղարսլյանի նկարների ցուցահանդեսն էր, ինչպես նաև՝ «Արի Օշական» թիմի կամավորների ձեռքով Օշականի դաշտերից հավաքված խոտաբույսերի բարեգործական վաճառքը։ Համերգի կազմակերպմանն աջակցել է նաև Երիտասարդական ակումբների դաշնությունը: Ի՞նչ է ՝ «Արի Օշական»-ը: Նախաձեռնության գաղափարը ծնվել է դեռ 2014-ին, երբ օշականցի մի խումբ երիտասարդներ կազմակերպեցին  մարզում նախադեպը չունեցող բարեգործական համերգ: Այնուհետև 2017-ին երիտասարդների ջանքերով սկիզբ դրվեց «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է զբոսաշրջիկներին և հայաստանցիներին ներկայացնել Հայաստանի թաքնված գանձերից մեկը` Օշականը, ապահովել երիտասարդների ժամանցը, ներգրավել նրանց տարաբնույթ ծրագրերի մեջ` հասարակական, կրթական, սոցիալական, զբոսաշրջային: Իր գոյության մեկ տարվա ընթացքում «Արի Օշական» թիմն իրականացրել է տասնյակ ծրագրեր, 3 բարեգործական համերգ, մասնակցություն է ունեցել 2 տասնյակից ավելի հայաստանյան ծրագրերի: Կառույցը շահույթ չի հետապնդում և գործում է կամավորների ջանքների շնորհիվ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր