00:00:00

Զոլաքար գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցման համար կպահանջվի եւս շուրջ 600 միլիոն դրամ

02:47, 09 հոկտեմբեր 2018

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ամենահրատապ ու կենսական խնդիրը մնում է խմելու ջրի մատակարարման համակարգի նորացումը, որի աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի հունիսից եւ շարունակվում են մի քանի փուլերով: Զոլաքարի խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման նախագծանախահաշվային արժեքը կազմել է շուրջ 2,9 միլիարդ դրամ, որից վերջին երեք տարիների ընթացքում պետական միջոցներից կամ տեղական բյուջեից ներդրվել է շուրջ 1 միլիարդ 555 միլիոն դրամ, ինչի արդյունքում ավարտվել է 18 կիլոմետր երկարությամբ խմելու ջրատարի արտաքին, 11 կիլոմետր երկարությամբ ներքին ցանցի, վեց աղբյուրակապի, օրվա կարգավորիչ 3 ջրամբարների, 2 քլորակայանների կառուցումը: Շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի եւ Զոլաքարի համայնքապետարանի տրամադրած միջոցների հաշվին: «Զոլաքարի խմելու ջրի մատակարարման համակարգը մինչ այժմ սնվում է 2 հիմնական աղբյուրներից եւ խորքային հորերից, որոնց քանակությունը քայքայված ներքին ցանցի առկայության պայմաններում բացառապես չի բավարարում 7 հազար բնակչություն ունեցող գյուղի պահանջները: Գյուղի բնակչությունը խմելու ջուր ստանում է 2-3 օրը 1 անգամ՝ 1 ժամ տեւողությամբ: 2016 թվականին ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից մեր գյուղի ջրամատակարարման համակարգի արտաքին ցանցի կառուցման համար հատկացվել է 1 միլիարդ 210 միլիոն դրամ, ինչի արդյունքում կառուցվել է 18 կիլոմետր երկարությամբ ջրատարի արտաքին ցանց, վեց աղբյուրակապ, օրվա կարգավորիչ 3 ջրամբար, 2 քլորակայան: Ծրագիրն ավարտվել է 2016 թվականի դեկտեմբերին, ամբողջությամբ: Շուրջ 60 միլիոն դրամ կազմել է Զոլաքարի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Ծրագրի երկրորդ փուլը, որը նախատեսում է ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի կառուցում, մեկնարկել է 2017 թվականին, որտեղ հիմնական ներդրումը կատարվել է Զոլաքարի գյուղապետարանի ֆոնդային բյուջեի միջոցներից՝ 86 միլիոն դրամի չափով: Այդ գումարն, ի դեպ, նախատեսված էր Զոլաքարի մանկապարտեզի հիմնանորոգման համար, սակայն, ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից, ներդրվեց ջրատարի ներքին ցանցի մայր գծի կառուցման համար, քանի որ այն անցնում է գյուղի կենտրոնական փողոցով, որը նաեւ Մարտունի քաղաքը, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ գյուղերն իրար կապող միջհամայնքային ճանապարհ է հանդիսանում, եւ որն այդ ժամանակ կապիտալ նորոգման էր ենթարկվում պետական միջոցներով: Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն անհնարին կլիներ իրականացնել, մինչեւ որ նորոգված չլինեին նրա տակով անցնող բոլոր կոմունիկացիաները, այդ թվում՝ խմելու ջրատարի ներքին ցանցը եւ թվով 13 դիտահորերը: Այդ աշխատանքները կատարվեցին մեր միջոցների հաշվին, ինչի արդյունքում կառուցվեց 3 կիլոմետր 200 մետր երկարությամբ ջրատարի ներքին ցանց եւ 13 դիտահոր: Իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից հերթական ներդրումը կատարվեց այս տարի, շուրջ 200 միլիոն դրամի չափով: 9 միլիոն դրամի չափ էլ կազմեց Զոլաքարի համայնքապետարանի ներդրումը: Մայիս-սեպտեմբերի ընթացքում 4 ուղղություններում կառուցվեցին 6,5 կիլոմետր երկարությամբ ջրատարի ներքին ցանցեր, որոնք օրվա կարգավորիչ ջրամբարներից միանում են մայր ջրագծին: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման համար արդեն հատկացվել է 45 միլիոն դրամ, որից 13 միլիոն դրամը կկազմի Զոլաքարի գյուղապետարանի համաֆինանսավորումը: Այս միջոցներով մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտի հասցնել 5-րդ եւ 23-րդ թաղամասերում ջրատարի ներքին ցանցի կառուցման եւ ներտնային միացումների աշխատաքները: Շինարարության մրցույթը հայտարարված է, իսկ աշխատանքները, հավանաբար, կմեկնարկեն հոկտեմբերի երկրորդ կեսից: Բայց սրանով մենք կառուցած կլինենք գյուղի ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի մոտ 22 տոկոսը, կամ 67 կիլոմետր ընդհանուր ցանցի 11 կիլոմետրանոց հատվածը: Մնացած թաղամասերում ներքին ցանցի կառուցման, ներտնային միացումների աշխատանքների համար կպահանջվի եւս շուրջ 600 միլիոն դրամ: Մնացած աշխատանքները կփորձենք ավարտել եկող տարիների ընթացքում, բավարար միջոցներ ստեղծելուն պես, փուլ առ փուլ, քանի որ պահանջվող միջոցները վեր են մեր բյուջեի հնարավորություններից»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:Այժմ Զոլաքարում խմելու շուրջօրյա ջրամատակարարումից օգտվում են երկու թաղամասերի մոտ 250 ընտանիքներ, որտեղ հիմնովին ավարտված է ներքին ցանցի կառուցումը: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրի իրականացման դեպքում եւս երկու թաղամաս կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ գյուղի մյուս քսան թաղամասերը կշարունակեն մնալ ջրազուրկ՝ բավարարվելով 2-3 օրը մեկ տրվող ու մեկ ժամ տեւողությամբ անորակ ջրի մատակարարմամբ: Խմելու ջուրը Զոլաքար է բերվում է Վարդենիսի լեռնաշղթայի «Մեծ թամբի ձոր» կոչվող աղբյուրներից, որոնց հզորությունը գնահատվում է 15-30 լիտր/վայրկյանի սահմաններում, ինչպես նաեւ Զոլաքարին մոտ գտնվող «Գռաղբյուր» կոչվող երկու աղբյուրներից: Սակավաջուր տարվա նվազագույն քանակությունն անգամ կբավարարի գյուղի պահանջները:«Գյուղի համար կենսական նշանակության այնպիսի հարց է լուծվում, որին բնակիչները սպասում են ավելի քան 4 տասնամյակ: Հին ներքին ցանցը, որը կառուցվել է 1960-ական թվականներին, ասբեստի խողովակներով, արդեն կորցրել է շահագործման պիտանիությունը: Ջրամատակարարման համակարգի նորացման ծրագրի ավարտից հետո հաշվիչներ կտեղադրվեն սպառման բոլոր կետերում, որպեսզի, մի կողմից, խմելու ջուրը բավարարի բոլոր տնտեսությունների կարիքներին, մյուս կողմից էլ՝ կարողանանք ջրամատակարարումը դարձնել վերահսկելի եւ կառավարելի»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Խոսրով Խլղաթյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր