00:00:00

«Նոր Հայաստանում»՝ հին բարքերով․ ժառանգականության հետքերով

21:27, 29 սեպտեմբեր 2018

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանն առաջադրվել է Հրազդանի քաղաքապետի պաշտոնում։ Թավշյա հեղափոխության լիդերներից մեկը հանդիսացող Սասուն Միքայելյանը համարվում է հեղափոխական արժեքների կրող, ով չնայած երբևէ նախկինում չի համարվել նախկին իշխանությունների դաշնակիցը, այսօր աչքի է ընկնում «խնամի-ծանոթ-բարեկամ»-ի կոնտեքստում։

Նախկին իշխանությունների օրոք հանրությունն արդեն հարմարվել էր, որ պաշտոնյաների որդիները ևս պետք է զբաղեցնեն բարձր պաշտոններ։ Օրինակ՝ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանն, ով 2011թ․-ից սկսածԵրևանի քաղաքապետն էր, Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, երկար տարիներ զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը, Արգամ Աբրահամյանն, ով հանդիսանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, եղել է Արտաշատի քաղաքապետը և այսպես շարունակ։ Այս շարքը կարելի է երկար թվարկել։ Հիմա երբ փաստացի երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, հանրության շրջանում հույս է արդնացել, որ նման արատավոր երևույթներն այլևս անցյալում են, և իրենք ապրում են «նոր Հայաստանում», որտեղ պաշտոնյա չեն դառնում ազգանվան շնորհիվ։

Հեղափոխության արժեհամակարգի գլխավոր արժեքներից է ազատ մրցակցային քաղաքական մշակույթի ստեղծումը, ինչը հնարավոր չէ, երբ կա հովանավորչություն, որը արդեն իսկ ճնշում է գործադրում մնացած քաղաքական դերակատարների վրա։ Այսպես, եթե Սասուն Միքայելյանի որդու առաջադրումը չդիտարկենք ժառանգականության դիսկուրսում, ապա թեկուզ անուղղակի կերպով Սասուն Միքայելյանի անձի առկայությունը հեղափոխական տրամադրություններ է ստեղծում հանրության շրջանում, իսկ էյֆորիկ ընտրությունը չի կարող համարվել ադեկվատ և մրցակցային։ Այդպես եղավ նաև Երևանի ավագանու ընտրություններում, երբ նույնիսկ քաղաքապետի թեկնածուներ առաջադրած մյուս ուժերը քաղաքական ճնշման ենթարկվեցին անհավասար ընտրապայքարի պատճառով, քանի որ Նիկոլ Փաշինյանն, ով գլխավոր լիդերն էր հեղափոխության սատարեց մի թեկնածուի, ով թե՛ քաղաքական, թե՛ աշխատանքային փորձով զիջում էր որոշ մրցակիցների․ ճիշտ է, անարդարություն կամ անօրինականության էլեմենտներ այստեղ հնարավոր չէ գտնել, սակայն անհավասար ընտրապայքարն ակնհայտ է։

Այս նույն տրամաբանությամբ, նույն Սասուն Միքայելյանի որդու պարագայում պարագայում մենք գործ ունենք նախկինից ժառանգված քաղաքական մշակույթի բնորոշ արժէհամակարգի հետ։ Եթե Հայկ Մարությանի պարագայում որոշակիորեն արդարացված էր Փաշինյանի մասնակցությունն այն առումով, որ տվյալ քաղաքական ուժի առաջնորդն էր Փաշինյանը, իսկ Հայկն էլ հեղափոխության ակտիվիստներից էր, ապա Սասուն Միքայելյանի որդու դեպքում արհեստականությունն ակնհայտ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր