Համարձակ ներկայացում` ենթարկվող դերասաններով կամ «Bye-bye Լեդի». հոկտեմբերի 6-ին Գյումրու դրամատիկականը 153-րդ թատերաշրջանի վարագույրը կբացի «գիշերային թիթեռնիկների» ու պրոֆեսոր Ամադեի խելահեղ պատմության մասին կատակերգությամբ:
Գլխավոր դերերում հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ու Ռոզի Ավետիսովան են:
Հրանտ Թոխատյանը պրեմիերայից բացի Գյումրու բեմում կնշի նաեւ 60-ամյակը. բեմական կյանքի 42 տարիների մեջ առաջին անգամ է համագործակցությամբ այստեղ, որոշումը կայացրել է մեծ պատրաստակամությամբ, պատճառներն հստակ են.
- Գյումրու թատրոնը չունի սեփականատիրոջ էգոիզմ. բեմը բաց է բոլոր ստեղծագործողների համար, հենց այս քաղաքականությունն է, որ ինձ բերեց Գյումրու թատրոն: Պետական թատրոնների հետ համագործակցության մեկ-երկու անհաջող փորձ եղել է տարիներ առաջ, բայց այս անգամ, վստահ եմ` կստացվի այն, ինչը երբեք չի ստացվել. ամեն ինչ անելու ենք, որ այս էքսպերիմենտը լինելով առաջինը, չդառնա վերջինը,- հիմնավորում է Թոխատյանն ու եզրափակում` Գյումրու թատրոնից իր հետ կտանի ձեռքը ժամանակի զարկերակին պահելու ջահելների կարողությունը: Ասում է` երիտասարդական ավյունը մինչեւ չխառնվի ավագների փորձին` թատրոնն հետաքրքիր պահելն անհնար է:
Իրեն բնոշոր կտրուկ լուծումներով ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ստացել է «ոչ ավանդական», բայց չափի մեջ գեղեցիկ,- առանց սահմաններն անցնելու ներկայացում. հանդիսատեսը երկխոսության մեջ կլինի դերասանների հետ, սիրային ինտրիգների շուրջ կառուցվող ոչ մի համարձակ փորձարություն, փորձանք չի դառնա:
Նոր թատերաշրջանում «Bye-bye Լեդի»-ին միակ առաջնախաղը չէ. եւս մեկը մեծ բեմին, 2 –ը` Մհեր Մկրտչյան դահլիճում: Հրաչ Քեշիշյանը բեմ կբարձրացնի թատրոնի եւ կինոյի համադրմամբ ստեղծվող «Ոչինչ չի մնա»-ն, Նարե Հայկազյանը գլխավոր դերում կլինի «Վերոնիկան որոշում է մահանալ» ներկայացման մեջ:
Իր հաղթարշավը կշարունակի «Հարսանիք թիկունքում»-ը` Հայաստանից բացի շրջագայելով ԱՄՆ-ում, Լիբանանում, Ռուսաստանում: Գյումրու թատրոնը բարեկամության ձեռք կմեկնի հանրապետության բոլոր թատրոններին` հնարավորություն տալով խաղացանկերի լավագույն ներկայացումներով լինել Գյումրիում եւ այլընտրանք ապահովելով Գյումրու հանդիսատեսի համար:
Իսկ մինչ այդ` դրամատիկականի դահլիճում փարիզյան միջավայր է` թատերաշրջանի առաջնախաղային ներկայացման վերջին ուղղումներով ու շտկումներով: