00:00:00

Համատեղելով հաճելին եւ օգտակարը․ ԱՄՆ-ում կայանալիք ցուցահանդեսը կարեւոր նպատակ ունի (լուսանկարներ)

02:07, 26 սեպտեմբեր 2018 Մշակույթ

Գեղանկարիչ Գեւորգ Ընծա Բաբախանյանը պատրաստվում է իր հերթական ցուցահանդեսին, այս անգամ եւս՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հոկտեմբերին նա ցուցահանդեսով կներկայանա ԱՄՆ-ի չորս քաղաքներում՝  Գլենդել, Փասադենա, Լաս Վեգաս եւ Սքոթսդեյլ։ Այս ցուցահանդեսը, սակայն, նկարչի խոսքով, սովորական չէ, այն բարեգործական է լինելու։ Irakanum.am-ի հետ զրույցում նկարիչը նշեց, որ նկարների վաճառքից ստացված հասույթի կեսը տրամադրվելու է Քարվաճառի մշակույթի պալատի նորոգմանը։ «ԱՄՆ-ում այս ցուցահանդեսը կազմակերպում է «Արարատ» միությունը՝ Ֆրեդերիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Այսպիսով, նկարի գնումը խթանելու է նաեւ Արցախում մշակույթի զարգացմանը»,- ասաց Գեւորգ Ընծա Բաբախանյանը։ Այս ցուցահանդեսին նկարիչն ավելի շատ աբստրակտ ոճի նկարներով է ներկայանալու, սակայն իր անցյալ շրջանի գործերից էլ կցուցադրվեն։ 4 քաղաքներից յուրաքանչյուրում նկարիչը 30-ից 40 գործ կներկայացնի։ «Նկարչությունը յուրահատուկ բան է, մարդիկ կան, ովքեր հավանում են իմ աբստրակտ գործերը, ոմանք էլ ավելի ֆիգուրատիվ գործերն են հավանում։ Սակայն ես մեծ տարբերություն չեմ դնում ոճերի մեջ, ինձ համար կարեւորը հոգին պահելն է։ Եթե դու նկարում հոգին պահում ես, կարեւոր չէ, թե ինչ ժանրի մեջ ես աշխատում»,- ասում է նա։ Նկարիչը կոչով դիմում է ամերիկահայ հասարակությանը, որպեսզի նրանք քաջալերեն իրենց այս ձեռնարկն, ու արդյունքում Արցախում նախատեսվող ծրագիրն իրենք կարողանան իրականացնել։ «Ցուցահանդեսից զատ՝ ինձ համար կարեւոր է մեր ծրագրի իրականացումը, որովհետև այսօր շատ դժվար է մեծ ծրագիր իրականացնել։ Խոսքը մոտ 100-150 հազար դոլարի մասին է, նման գումար հավաքելն իհարկե մեծ խնդիր է, ու նման ցուցահանդեսներով, այլ միջոցառումներով պետք է իրականացնենք ծրագիրը։ Հույս ունեմ, որ այս ցուցահանդեսը կհամատեղի հաճելին եւ օգտակարը, այսինքն՝ ձեռք բերելով նկար՝ նաեւ օգուտ եք տալիս Արցախի մշակույթին։ Դա է այս ցուցահանդեսի մեխը։ Կոչով դիմում եմ ամերիկահայերին, որպեսզի գան, մասնակցեն ցուցահանդեսին, համատեղեն հաճելին եւ օգտակարը՝ օգտակար լինեն Արցախին եւ  մի արվեստի գործ տանեն իրենց տուն՝ այն հոգեւոր հարստացնելու համար»,- նշեց նա։ Խոսելով ժամանակակից գեղանկարչության հիմնախնդիրներից՝ Գեւորգը նշեց, որ նկարիչն այսօր շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած։ «Ես երեք տեսակ նկարիչների եմ տարանջատում։ Առաջին տեսակը նրանք են, ովքեր միլիոններով են վաճառում իրենց նկարները, դա արդեն բիզնես է ու այստեղ մտնելը սովորական մահկանացուների համար չէ։ Հիմա էլ երրորդ կարգ է գոյացել՝ սկսնակ նկարիչներ, ովքեր, օրինակ, 50-60 տարեկանում նոր սկսում են նկարել, որովհետև այսօր նկարչությունը կանոններից դուրս է։ Նրանք կարողանում են նույնիսկ վաճառել իրենց գործերը ցածր գներով, նվիրել։ Այսինքն, ստեղծել են մի պրոդուկտ, որը շատ մասսաների բավարարում է։ Եւ կենտրոնում այն պրոֆեսիոնալ նկարիչներն են, ովքեր չեն կարող իջնել սիրողական մակարդակի, ու ոչ էլ կարող են մտնել էդ բիզնես ասպարեզի մեջ, այդ պատճառով նրանց համար շատ բարդ է»,- ասաց նա՝ նշելով, որ բարդ է հատկապես այսօր՝ տեխնոլոգիաների դարում, երբ շատերը չեն ցանկանում գումար ծախսել՝ արվեստի գործ գնելու համար։ «Բայց հասկացող մարդը, ով իսկապես գնահատում է արվեստն ու ճիշտ նկարիչներին, հաստատ կտա այդ գումարը եւ ճիշտ կանի։ Որովհետև կյանքն ապացուցում է, որ նավթը կարող է էժանանալ, ոսկին կարող է էժանանալ, դոլարը կարող է արժեզրկվել, բայց արվեստի գործերը  երբեք չեն արժեզրկվում»,- ասում է գեղանկարիչը։ Նշենք նաեւ, որ Գեւորգ Ընծա Բաբախանյանի՝ ԱՄՆ-ում կայանալիք ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Գլենդելում՝ հոկտեմբերի 25-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր