00:00:00

Ահազանգ ՄԻՊ-ում. ընտրակաշառք տալու կասկածանքով ԲՀԿ-ականին բերման են ենթարկել ու պահել մինչեւ առավոտ

20:22, 23 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 23-ին՝ Երեւանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ: ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 600 հրապարակում: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղամասերի անմատչելիությանը, նույնականացման քարտով ընտրելու հնարավորությանը, իրազեկման թերթիկ չստանալուն եւ այլն: Բացի դրանից, աշխատակազմի թեժ գծին այսօր առավոտյան ստացված հեռախոսազանգի միջոցով քաղաքացին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով նախորդ օրը երեկոյան ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին եւ հարկադրաբար պահվել մինչեւ առավոտյան 06:00-ն: Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ հաղորդման հիման վրա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդում է ներկայացրել նաեւ Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում արձանագրված հրապարակումները վերաբերել են տեղամասերի կահավորմանը, հանձնաժողովների անդամների վարքագծին եւ այլն: Արձանագրվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրներ, մասնավորապես՝ քվեաթերթիկների լուսանկարահանման եւ տարածման դեպքեր: Արձանագրվել են նաեւ տեղամասերի մոտակայքում կուտակումների եւ ընտրողների ուղղորդման դեպքերի վերաբերյալ հրապարակումներ: Առանձին ուշադրություն է դարձվել լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների մասին տեղեկություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր