00:00:00

Լռության օրը Դանիել Իոաննիսյանը հակաքարոզչություն է իրականացրել. Զոհրաբյանը՝ «Անկախ դիտորդ»-ի ասուլիսին միջադեպի մասին

03:37, 23 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 22-ին՝ Երեւանի ավագանու ընտրություններին նախորդող լռության օրը, Դանիել Իոաննիսյանը հակաքարոզչություն է իրականացրել ԲՀԿ-ի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով այսօր ավելի վաղ «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած միջադեպը: Նշենք, որ «Մեդիա կենտրոն»-ում «Անկախ դիտորդ» դաշինքը որոշել էր ներկայացնել Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում իրականացված քարոզարշավի լուսաբանման մոնիթորինգի միջանկյալ զեկույցը: Դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, թե ընտրակաշառքի որեւէ ապացույց չեն կարողացել ձեռք բերել, բայց չի պնդում, որ ընտրակաշառք չեն բաժանել: Իոաննիսյանը պնդել է, որ ունեն հավաստի փաստեր, որ ԲՀԿ-ն ակտիվիստներին վճարել է, որ մասնակցեն իրենց հավաքներին: «Վճարել է անձանց, որ մասնակցեն, օրինակ, երեկվա ֆլեշմոբին: Դրա ապացույցն ունենք։ Եթե անգամ սա ընտրակաշառքի կամ բարեգործության արգելքի խախտման տակ չի ընկնում, սա ընկնում է հարկային օրենսդրության խախտման տակ։ Եթե մարդը վճարում է, դա պետք է արվի պայմանագրով, դրա համար պետք է եկամտահարկ վճարվի»,- հայտարարել է Իոաննիսյանը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը փորձել է մասնակցել ասուլիսին, սակայն Իոաննիսյանն էլ առաջարկել է ասուլիսից հետո այլ ֆորմատով մասնակցել բանավեճի: «Սա բանավեճ կդառնա, թե՝ ոչ, թող մեզ դիտողները որոշեն: Հիմա Դուք ինչ ասում եք՝ ապատեղեկատվություն է»,- հայտարարել է Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ ասուլիսն ամբողջությամբ կապված է իրենց քաղաքական ուժի հետ եւ պետք է միջամտեն։ Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ իրենց հրապարակումը հակաքարոզչություն չէ, որեւէ օրենք չեն խախտել։ Քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, սակայն, այլ կարծիքի է. «Դանիել Իոաննիսյանը կոպտորեն խախտել է ընտրական օրենսգիրքը եւ լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացրել ԲՀԿ-ի հանդեպ: Եվ հաշվի առնելով, որ Դանիել Իոաննիսյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում զբաղվում է այս պահին Ընտրական օրենսգրքի բարելավմամբ, ես կարող եմ ասել, որ նրա ասուլիսը եղել է ուղղորդված եւ կազմակերպված՝ ընդդեմ ԲՀԿ-ի»: Զոհրաբյանը նշեց, որ ինքն այս մասին ահազանգել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, պահանջել արձանագրել դեպքը, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել: Նա նաեւ նշեց, որ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակն այսօր ցուցադրել են Երեւանի փողոցներից մեկում, եւ միայն իրենց ահազանգից հետո է Տիգրան Մուկուչյանը կարգադրել հեռացնել գովազդը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր