Ոստիկանության աշխատակիցները պարզել են սեպտեմբերի 8-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 29-ամյա Գոռ Պ.-ին, 21-ամյա Ժորա Կ.-ին եւ 29-ամյա Մհեր Գ.-ին վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ հասցրած անձանց ինքնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ նշված անձանց հետ վիճաբանել են 21-ամյա Գեւորգ Պ.-ն եւ նրա եղբայրը՝ 15-ամյա Հ. Պետրոսյանը։ Ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ երեկոյան եղբայրներն ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ Գեւորգ Պ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գեւորգ Պ.-ն ձերբակալվել է, իսկ եղբայրը ստորագրությամբ ազատ է արձակվել։
Պարզվել է նաեւ, որ ոստիկանների ստացված տեղեկությունը, թե վիճաբանություն-դանակահարությունը տեղի է ունեցել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի թիվ 121 դպրոցի մոտ, համապատասխանում է իրականությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 8-ին ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի: Ոստիկանները պարզել էին, որ 29-ամյա Գոռ Պ.-ն հիվանդանոց էր տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 21-ամյա Ժորա Կ.-ն՝ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ եւ 29-ամյա Մհեր Գ.-ն՝ «որովայնի եւ կրծքավանդակի ծակած վերքեր» ախտորոշմամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն կամ բացատրություն տալու: Մալաթիայի ոստիկանները պարզել էին, որ նրանք հիվանդանոց էին տեղափոխվել Տիչինայի փոոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: