Հայկ Մարությանի կյանքի կանոններից մեկն իր ուժերը չգերագնահատելն է։ Այս մասին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ասաց այսօր՝ սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես չունեմ սուպեր հնարավորություններ: Իմ կյանքում նույն մրցավազքն է բոլոր ոլորտներում։ Հիմա էլ աշխատելու եմ մինչեւ վերջին պահը»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ վերջում ընտրությունը կկայացնի ժողովուրդը։
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ից արդեն քննադատում են քաղաքապետերի թեկնածուներին բանավեճերի չգնալու համար, Հայկ Մարությանն ասաց՝ նման բան չկա. «Ես պատրաստ եմ գնալ դեբատների՝ պայմանով, եթե պահպանվի հավասարության սկզբունքը: Այսինքն՝ ինչ-որ մի ուժի չնեղացնեն, դեբատները կազմակերպվեն այնպես, որ բոլորը ներկա լինեն»:
Հարցին՝ համաձա՞յն է այն տեսակետների հետ, որ քաղաքապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին, եւ եթե առաջադրվեր այլ ուժի կողմից, որքանո՞վ հնարավոր կլիներ քաղաքապետ ընտրվելը, Հայկ Մարությանն ասաց, որ առաջադրվել է գումարային վարկանիշի հաշվին:
«Մեր քաղաքական ուժի եւ իմ ունեցած վարկանիշը գումարվում է, իսկ այլ քաղաքական ուժի կողմից ուղղակի չէի առաջադրվի»,- հայտարարեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե հեռուսատատեսությամբ նրա մասնակցությամբ սերիալները սկսել են վերացուցադրվել, արդյո՞ք դա քարոզչություն կամ հակաքարոզչություն չէ, դերասանը նշեց, որ հեռուստատեսությունն ինքն է որոշում՝ այդ սերիալները երբ ցուցադրել։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել Հյուսիսային պողոտայում գտնվող էլիտար բնակարանը, Մարությանն ասաց, որ 16 տարեկանից աշխատում է, եւ ժամանակի սղության պատճառով ընդամենը երկու անգամ է գնացել հանգստի:
«Մենակ աշխատել եմ, կարողացել եմ ինձ ապահովել ինչ-որ չափով»,- ասաց քաղաքապետի թեկնածուն: