«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Շանթ Հարությունյանին հնարավորություն տրվեց հանդիպել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Տեղի ունեցածի բացառիկության մասին խոսեց ինքը՝ Շանթ Հարությունյանը, նախկին իշխանությունների օրոք նման հանդիպում չի եղել երբևէ, ուստի շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին և լրագրողներին: Թե ինչ ասելիք ուներ, շարադրել էր թղթի վրա: Ավելի քան 2 ժամ տևած ասուլիսի ընթացքում Շանթ Հարությունյանը փորձեց բացատրել՝ ինչու է համառորեն պնդում, թե որևէ թուղթ չի պատրաստվում ստորագրել, դուրս կգա քրեակատարողական հիմնարկից միայն այն դեպքում, երբ կկայացվի արդարացման որոշում: Մանիպուլյացիա է համարում Փաշինյանի կողմից արված այն հայտարարությունը, թե եթե իր երկու ընկերները համաձայնել են բաց ռեժիմով կրել պատիժը, ինքն էլ պիտի կրի:
Կեղծիք և խաբեություն է որակում մեկ այլ հայտարարություն, թե իրեն ազատության առաջարկ է արվել: Կշտամբեց վարչապետին՝ երկրի ղեկավարին սազական չէ նման բաներ անելը:
Ընդդիմադիր գործիչը նաև հայտարարեց, որ պատժի կրման բաց ռեժիմի համաձայնելու մասին զանգ ստացել է նաև ԱԱԾ տնօրենից: Սա անընդունելի է իր համար: Ինչո՞ւ է ԱԱԾ-ն խառնվել մի գործի, որը չի վերաբերում այդ կառույցին:
Առհասարակ, բաց ռեժիմն անընդունելի է համարում մի շարք պատճառներով՝ սկսած անհարմարություններից, մինչև քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունք չունենալը:
Շանթ Հարությունյանը կարծում է, որ որպես երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է միջամտի դատական իշխանության գործերին, սակայն այդ միջամտությունը չպետք է լինի ապօրինի, այլ հակառակը՝ պետք է միտում ունենա ապօրինությունը վերացնելու. այլապես չի պատկերացնում պետական այնպիսի համակարգի գոյություն, որտեղ վարչապետն ասում է, որ կա քաղաքական բանտարկյալ, իսկ դատախազը պնդում է, թե չկա: Սա նշանակում է, որ նախորդ ռեժիմն ավելի ուժեղ է և ավելի սկզբունքային:
«Կամ դատախազը պետք է հրաժարական տա, կամ վարչապետը»,- ասաց Շանթ Հարությունյանը:
Նա հորդորում է, ինչպես Մարտի 1-ի պարագայում, հետաքննություն տեղի ունենա նաև 2013 թվականի նոյեմբերի 5-ի դեպքերը բացահայտելու վերաբերյալ: «Լյուստրացիա եմ պահանջում»,- ասաց նա:
«Հեղափոխություն տեղի չի ունեցել, եթե այդ հեղափոխության ճակատին գրված չէ հումանիզմ»,- ասաց Շանթ Հարությունյանը: Առհասարակ կարծում է՝ երկիրը Փաշինյանը չէ, որ ղեկավարում է, այլ ռուսական ԿԳԲ-ն: Հայաստանի ԱԱԾ-ին էլ չի վստահում, որովհետև կարծում է՝ տրամաբանությունը չի փոխվել: Տառերն են փոխվել:
Ոչ իր համար, սակայն հորդորեց համաներում իրականացնել, թույլ տալ կալանավորներին օգտվել հեռախոսից: Հեղափոխության ազդեցությունը պետք է զգա յուրաքանչյուրը: