00:00:00

Մարդիկ այսօր ուզում են համոզված լինել, որ ոչ մեկը ոչ մեկին չի ուզում խաբի ու քցի. ՀՀ վարչապետ

00:11, 09 սեպտեմբեր 2018

Բոլորս էլ գիտենք, որ մեր տնտեսության մեջ ներգրավվածության առումով գոյություն են ունեցել որոշակի սահմանափակումներ. ես ուզում եմ արձանագրել, որ այսօր մեր տնտեսության մեջ ներդրումներ անելու, բիզնես ծավալելու համար որեւէ մեկի համար չկա որեւէ խոչընդոտ, մի պայմանով, որ ամեն ինչ պետք է հիմնված լինի օրենքի հիման վրա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, Հայաստանի միակ ակնկալիքը որեւէ բիզնեսից այն է, որ գործունեությունը 100 տոկոսով համապատասխանի ՀՀ օրենքներին: «Մենք գիտենք, որ ՀՀ հարկային օրենսդրությունն այս առումով ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբեմն հիմնավորում են, որ ընկերությունները 100 տոկոսով օրենքով աշխատելու դեպքում կարող են լուրջ վնասներ կրել: մենք այս ուղերձը նույնպես ընկալել ենք եւ հիմա կարեւոր փոփոխություններ ենք պատրաստում Հայաստանի հարկային օրենսգրքում, որ օրինական դաշտում հնարավոր լինի աշխատել»,-ընդգծեց նա: Փաշինյանը նկատեց, որ ցանկանում է փոխվի հարաբերությունների այն մակարդակը եւ մտածողությունը, ըստ որի բիզնեսն ու պետությունը հակառակորդներ են. «Մենք շահերի հակասություն չունենք: Չի կարող օրինական աշխատող բիզնեսը պետության հետ ունենա շահերի հակասություն: Մենք ասում ենք, որեւէ բիզնես ազատված է որեւէ կոռուպցիոն պարտավորությունից: Հայաստանում չի կարող լինել որեւէ պաշտոնյա, որ որեւէ գործարարի ասի՝ քո բիզնեսից 1 տոկոս, 5 տոկոս կամ 10 տոկոս պետք է ինձ վճարումներ անես կամ նալոգ տաս: Չի կարող նման բան լինել: Մենք ցանկանում ենք, որ դուք հնարավորինս շատ ներդրումներ անեք, շատ աշխատեղեր ստեղծեք եւ շատ հարկեր վճարեք պետությանը՝ համոզված լինելով, որ ձեր վճարած որեւէ հարկ չի գողացվելու: Հայաստանում հաստացեք ու հարստացրեք: Մարդիկ այսօր ուզում են համոզված լինել, որ ոչ մեկը ոչ մեկին չի ուզում խաբի ու քցի: Ընդունված է ասել, որ կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը հայրենիք ունեն: Մեզ համար կարեւոր են այն մարդիկ, որոնց կապիտալի տերերի հայրենիքը Հայաստանն է: Ես հույս ունեմ, որ այս փայլուն հնարավորությունը կօգտագործենք: Ես շատ մեծ հույս ունեմ ձեր աջակցության, ակտիվության վրա»,-ընդգծեց Փաշինյանը: Նա նշեց, որ հարաբերությունների այն մակարդակը, որ հենվում է բարեգործության վրա, պետք է փոխել. «Որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, որ առանց այն բարեգործությունների, որոնք արվել են այս ընթացքում, Հայաստանը չէր կարող հաղթահարել ճգնաժամերը: Բայց կարծում եմ, որ հասել ենք այն մակարդակի, որ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել աշխատանքի եւ եկամուտներ ստանալու տրամաբանությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր