00:00:00

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է Շուշիի շրջան

23:15, 08 սեպտեմբեր 2018

Այսօր՝ սեպտեմբերի ութին, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային այցով եղել է Շուշիի շրջանում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շուշի քաղաքում ԱՀ պետական նախարարը շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի և քաղաքացիական պաշտպանության շրջանային պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է Գարեգին Նժդեհի 22, 23  և Հախումյան 22 հասցեներում գտնվող շենքերի կահավորված ապաստարանների, ինչպես նաև շրջվարչակազմի շենքում գտնվող քաղպաշտպանության շտաբի պայմաններին։ Շրջայցի ընթացքում Վ. Կասյանը նշել է, որ քաղաքում առկա են մի քանի տասնյակ ապաստարաններ: Այնուհետև Գ. Մարտիրոսյանը համայնքի ղեկավարների և վարչակազմի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները և համայնքների ղեկավարներն անդրադարձել են ընթացիկ տարում տարված և տարվելիք աշխատանքներին: Այսպես՝ Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսական համատարած հաշվառման բաժնի վարիչ Գրիշա Հովհաննիսյանը նշել է, որ շրջանը սակավահող է, ինչի պատճառով էլ բուսաբուծությունն այնքան էլ զարգացած չէ:Նրա խոսքով՝ բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ մի շարք համայնքներում դաշտամիջյան ճանապարհների վիճակը շարունակում է մնալ խնդրահարույց: Այնուհետև զեկույցներով հանդես են եկել կրթության և սպորտի, մշակույթի, քաղաքաշինության և ճարտարապետության բաժինների պատասխանատուները: Խորհրդակցության ընթացքում համայնքներում կատարված և կատարվելիք աշխատանքները ներկայացրել են շրջանի վեց ՝ Քարին տակ, Մեծ Շեն, Հին Շեն, Քիրսավան, Լիսագոր, Եղծահող համայնքների ղեկավարները և Շուշիի քաղաքապետը:  Խորհրդակցության ընթացքում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հետաքրքրվել է գյուղերում դպրոցների, համայնքային կենտրոնների, մշակույթի տների, գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների, ջրամատակարարման, ջեռուցման և գազաֆիկացման պայմաններից: Այնուհետև պետական նախարարն այցելել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարան, որտեղ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ներկայացրել է համալսարանում գործող լաբորատորիայի պայմանները: Հ. Թոքմաջյանը նշել է, որ իրենց ուսանողների համար ամենակարևորը ստեղծվող արտադրանքի մեջ քիմիական հավելանյութերի չօգտագործումն է: Նրա խոսքով՝ Արցախը այն տարածաշրջանն է, որ կարող է աշխարհին մատակարարել էկոլոգիապես մաքուր արտադրանք, և այդ ուղղությամբ իրենք տանում են զգալի աշխատանքներ: Գ. Մարտիրոսյանը շրջայց է կատարել նաև «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ում, որտեղ գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը ծանոթացրել է աշկերտների ուսումնական պայմաններին, անդրադարձել իրականացվող ծրագրերին:  Այցի շրջանակներում պետական նախարարը եղել է նաև Քարին տակ համայնքում, որտեղ ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող արևային ջրատաքացուցիչների և ֆոտովոլտայիկ կայանների աշխատանքներին, նորակառույց համայնքի բուժկետում և մանկապարտեզում ստեղծված պայմաններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր