00:00:00

Շանթ Հարությունյանի աջակիցները պահանջագիր ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազին

19:30, 06 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ դատախազության շենքի դիմաց այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝  ի աջակցություն Շանթ Հարությունյանի։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից՝ միջնորդել ՀՀ համապատասխան դատական ատյաններին՝ վերաբացելու Շանթի եւ նրա ընկերների վերաբերյալ դատական գործը՝ հաշվի առնելով նոր երեւան եկած հանգամանքները։ Ըստ նրանց՝ նման հանգամանք կարող է դիտվել օրինակ՝ 2014 թ. Կոլումբիայի համալսարանում ուսանողության հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Շանթ Հարությունյանին հանցագործ համարելը, ինչն ըստ նրանց՝ ճնշում է դատարանի վրա։ Ակցիայի մասնակիցները նման բովանդակությամբ պահանջագիր ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազություն։ Բողոքի ակցիային միացած Երեւանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դատախազությունը կարող է այս գործի նկատմամբ փոխել իր դիրքորոշումն ու նպաստել գործի վերաբացմանը։ «Նոր հանգամանքներ են ի հայտ եկել եւ Շանթ Հարությունյանը նոր Հայաստանի իրավաքաղաքական նոր մոտեցմամբ պետք է ազատ արձակվի»,– լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝  Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, եւ պետք չէ սպասել Ստրասբուրգից ստացված որոշումներին՝  նոր  ինչ–որ բան փոխել, դա հնարավոր է իրականացնել ներպետական ատյաններում։ «Շանթ Հարությունյանը պետք  է ազատ արձակվի, դա լակմուսի թուղթ է, դա ցուցիչ է, թե ինչ իրավիճակում ենք մենք ապրում»,– նշեց նա։ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի խոսքով՝ իրենք շատ լավ գիտեն, որ արդարության հասնելը երկար գործընթաց է։ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի զանգահարելու եւ ցուցում տալու դատարանին, բայց Փաշինյանը չի ասում, որ կան այլ օրինական ճանապարհներ խնդրի լուծման համար։ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին որակել է իբրեւ քաղբանտարակյալ»,-ասաց նա: Շահեն Հարությունյանի խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանը վերանայի իր մոտեցումը եւ հայտարարի, որ ինքը սխալվել է եւ Շանթը քաղբանտարկյալ չէ, այդ ժամանակ իրենք արդարության վերականգնման այլ ճանապարհներ կընտրեն. այլ կլինեն նաեւ խնդրի լուծման հասցեատերերը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտրարարել էր, որ Շանթ Հարությունյանին առաջարկվել է փոխել իր պատժի կրման ռեժիմը, ինչից սակայն Հարությունյանը հրաժարվել է։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից Հայկ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանն ազատության մեջ են: Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013թ.ի նոյեմբերի 8-ին` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` 2014թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով` Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: 2015թ. սեպտեմբերին Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ներպետական ատյաններում արդարադատության հասնելու հնարավորությունները սպառելով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր