Սեպտեմբերի 9-ին երեք տարվա ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կրկին պատարագ կմատուցվի:
Պատարագին մասնակցելու են Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը:
Նախարար Էրսոյի մասնակցությունը հայ առաքելական եկեղեցու կողմից մատուցվող պատարագին զարմանք է առաջացրել Թուրքիայում `«տեսե'ք, թե ուր է գնում նախարարը, կարծրատիպ է կոտրում»:
Կ. Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, անդրադառնալով պատարագին, ասել է, որ Աղթամար կղզին և Սուրբ Խաչ եկեղեցին պատմական տեսանկյունից շատ կարևոր են:
Պատրիարքի փոխանորդը տեղեկացնում է, որ պատարագին մասնակցելու են ներկայացուցիչներ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից, քաղաքացիներ Թուրքիայի տարբեր շրջաններից և բազմաթիվ պոլսահայեր:
«2011թ. պատարագին մասնակցել էր 7000 հոգի: Այս տարի չենք ակնկալում, որ այդքան կլինի, սակայն 2000-3000 հոգի էլ մասնակցի մեզ համար զգալի թիվ է: Որքան տեղյակ ենք, հիմա էլ Վան քաղաքում մեծ ոգևորություն է տիրում, և սպառվել է հյուրանոցներում ամրագրման հնարավորությունը: Նշանակում է, որ բավականին շատ են լինելու պատարագի մասնակիցները»:
Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով:
Եկեղեցու վերանորոգումից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց 2010թ. սեպտեմբերի 19-ին: Հայ համայնքը այնտեղ տարին մեկ անգամ պատարագ տալու թույլտվություն ունի: Սուրբ Խաչ եկեղեցում վերջին անգամ պատարագ էր պատուցվել 2015թ.: Թուրքական իշխանություններն արգելել էին պատարագ մատուցել` անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով: