Մարտի 1-ի գործով կան ոստիկաններ, որոնք ընդգրկված են եղել տարբեր ստորաբաժանումներում, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ, առհասարակ, ենթակա են պատասխանատվության: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
« Փաստաթղթեր կեղծվել են, թե ոչ չեմ կարող ասել, Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում կներկայացնի»,-ասաց Օսիպյանը։
Նա ասաց, թե փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ով է արել այդպիսի բան, ասել չի կարող։
Հիշեցնենք, 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրգործ է հարուցվել և միացվել «Մարտի 1»-ի գործին։
Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պնդմանը, թե Մարտի 1-ին ոստիկաններին հրաման չի եղել գործողություններ իրականացնել, ի վերջո, հրաման եղել է, թե ոչ, ոստիկանապետն ասաց. «Ես տեղյակ չեմ»։
Օսիպյանն ասաց նաև, որ 2008-ի մարտի 1-ին հերթապահել է հարյուրավոր այլ ոստիկանների հետ, սակայն թաքցրած զենք-զինամթերք չի տեսել։
«Ինքս զենք-զինամթերք չեմ տեսել, փայտեր տեսել եմ», - ասաց Վալերիյ Օսիպյանը։
Թե ինչ հրաման է եղել ոստիկաններին, Օսիպյանը հորդորեց հետաքրքրվել այդ ժամանակվա վերադասներից, ինքն անձամբ հրաման է ստացել ապահովել հասարակական կարգը։