Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումը կայանալու է Թուրքիայում։ Մաասը մեկնելու է Թուրքիա երկօրյա այցով։
Չավուշօղլուի հետ կայանալիք հանդիպման մասին Գերմանիայի արտգործնախարարը խոսել է գերմանական Bild պարբերականի հետ։
Պատասխանելով գերմանական պարբերականի թղթակցի այն հարցին, թե արդյոք Գերմանիան Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում ֆինանսական օգնություն կտրամադրի Անկարային՝ Մաասն ասել է.
«Քաղաքական և տնտեսական առումով Թուրքիայի անկայունությունը մեզ չի հետաքրքրում։ Բայց հիմա խոսքը ոչ թե կոնկրետ ֆինանսական օգնության, այլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին է։ Դրա համար Թուրքիան էլ պետք է ջանք գործադրի»,- նկատել է Մաասը։
Վերջինս նաև նշել է, որ Թուրքիայի հետ կան մի շարք հարցեր, որոնք իրենց լուծումները չեն ստացել։
«Թուրքիայում անընդունելի պատճառներով կալանքի տակ է պահվում Գերմանիայի 6 քաղաքացի։ Առանց մեղադրական եզրակացության մարդիկ 1 տարուց ավել կալանքի տակ են պահվում։ Պետք է վերջ դնել այդ անընդունելի վիճակին»,- հավելել է արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները տևական ժամանակ լարված էին։ Լարվածությունը թուլացավ այն բանից հետո, երբ Թուրքիայում ազատ արձակվեց գերմանացի լրագրող, ազգությամբ թուրք Դենիզ Յուջելը։