ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի: Հարությունյանը պահանջում է փոխհատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը:
Գիտության պետական կոմիտեի լրատվական ծառայությունից այս առնչությամբ պարզաբանեցին, որ հայցադիմում ներկայացնելու հիմք են հանդիսացել Իոաննիսյանի կողմից Հարությունյանի հասցեին արված մի շարք արտահայտություններ, որոնք վերաբերում են մասնավորապես կոռուպցիոն բնույթի երեւույթներում ներգրավվածությանը եւ արատավորում են ոչ միայն Սամվել Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը, այլեւ ստվերում են ամբողջ կոմիտեի հեղինակությունը: Սամվել Հարությունյանը Դանիել Իոաննիսյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտությունը, իսկ որպես փոխհատուցում ակնկալում է երկու միլիոն դրամ: Բռնագանձված գումարը նա մտադիր է տրամադրել Հայաստանի մանկատներից մեկին: Այլ մանրամասներ կոմիտեից չտրամադրեցին:
«Նախ ասեմ, որ ես որեւիցե մեկին չեմ զրպարտել ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարի չէի զրպարտել երեսուն դպրոցների տնօրեններին, որոնք ինձ զրպարտության համար դատի էին տվել եւ հետո հայցերից սկսեցին հրաժարվել: Իսկ կոնկրետ Սամվել Հարությունյանի դեպքում պետք է ասեմ, որ մենք («Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը-խմբ.) ինտենսիվորեն ուսումնասիրում ենք նրա ղեկավարած կառույցի գործունեությունը վերջին տարիներին, եւ հայտնաբերվել են բավականին խնդրահարույց բաներ: Ու մենք առաջինը չենք, որ այդ կառույցում հայտնաբերել ենք կոռուպցիոն ռիսկեր: Այդտեղ խնդիրներ հայտնաբերել էր նաեւ նախագահի վերահսկողական ծառայությունը դեռ տարիներ առաջ»,- անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի հայցադիմումին՝ ասաց Դանիել Իոաննիսյանը: Իրազեկ քաղաքացիների միավորումն իր հերթին դիմել է դատարան՝ ընդդեմ կոմիտեի: Նաեւ՝ վերջնիս վերադաս Կրթության եւ գիտության նախարարություն: Գիտության պետական կոմիտեն, ըստ Իոաննիսյանի, չի պատասխանում իրենց որոշ հարցումների, ինչի իրավաչափությունն էլ վիճարկում են:
Դանիել Իոաննիսյանը թվարկեց, թե կոմիտեում խնդիրներն օրինակ, ինչի հետ են կապված՝ գիտական գործուղումների բյուջետային ծախսեր, լավագույն գիտնականների ընտրություն: «Եվ մենք ունենք տեղեկատվություն, որ այնտեղ ուղիղ կոռուպցիոն դրսեւորումներ են եղել, այսինքն՝ որ թեմատիկ ֆինանսավորման ներգրավվել են անձինք, որոնք իրականում չեն զբաղվել գիտությամբ եւ որոնց աշխատավարձը գնացել է որոշ չինովնիկների: Մենք ունենք տեղեկատվություն, որ այնտեղ որոշակի գործարքներից ուղղակի կոռուպցիոն ատկատներ են եղել: Այդ տեղեկությունների ապացույցների հավաքագրումը եւս իրականացվում է: Դրանք մասամբ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկություններ են՝ մասամբ արդեն հիմնավորված»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: