00:00:00

Կոռուպցիան, մարդու իրավունքները պետք է տեղ գտնեն կանցլերի Բաքու այցի օրակարգում. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը՝ Մերկելին

14:18, 25 օգոստոս 2018

Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի եւ ակտիվիստների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի համար: Այս մասին հայտարարություն է տարածել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող աջակցությունն է: Նշվում է, որ ծրագրին 1.2 միլիարդ եվրոյի վարկ տրամադրող շնորհատուն Գերմանիան է:

«Ադրբեջանն ու Գերմանիան ակնհայտորեն հաջող գործարք կկնքեն շաբաթ օրը կանցլեր Մերկելի Ադրբեջան այցելության ընթացքում: Սակայն որպես ԵՄ ամենաազդեցիկ անդամ երկրի ղեկավար, կանցլեր Մերկելը պետք է ապահովի, որ իր գործողությունները խթանեն եւ ներկայացնեն եվրոպական արժեքներ եւ բերեն տեւական արդյունքի քաղբանտարկյալների ազատման գործում, դյուրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման նկատմամբ սահմանափակումները»,- նշել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի իրավախորհրդատու Ադամ Ֆոլդեսը: Ադրբեջանում Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցչությունը զգալիորեն սահմանափակել է իր գործունեությունը արտասահմանյան ֆինասավորման պետական գրանցման հետ կապված խնդիրների պատճառով:

«Անցյալ ամիս Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը հետայսու հիմնվի ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքներին աջակցության վրա: Գերմանիան այդ երկրի հետ իր հարաբերությունները պետք է նույն սկզբունքով կառուցի»,- շարունակել է Ֆոլդեսը:

Հուլիսին Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են, որ ԵՄ-ն «որոշակի դրույթներ կիրառի` օգնելու տնտեսական հանցագործությունների, այդ թվում` կոռուպցիայի, փողերի լվացման, եւ հարկերից խուսափելու դեմ Ադրբեջանի մղած պայքարին եւ սատարի փողերի լվացման սխեմաների դեմ հետաքննությունների իրականացմանը, մասնավորապես` «Լվացքատան» գործում:

«Ադրբեջանական լվացքատունը» վերաբերում է ազդեցիկ անձանց կաշառելու համար նախատեսված ադրբեջանական 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամին, որը ենթադրաբար հովանավորվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Վերջինս օգտագործել է ֆիկտիվ ընկերությունները փողերի լվացման եւ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար, որպեսզի լռեցնի մարդու իրավունքների վերաբերյալ անկախ զեկույցները, ֆինանսավորի ընտրությունների կեղծ դիտորդական առաքելություններին եւ մաքրի Ադրբեջանի համբավը:

Ադրբեջանի կառավարության հետ ցանկացած գործարք կնքելու նպատակով բանակցելիս`Գերմանիայի կառավարությունը պետք է պահանջի ազատություն քաղբանտարկյալներին, ազատ եւ բազմակարծություն դավանող լրատվական դաշտ, ակտիվիստների` պայքարի եւ որոշումների կայացմանը մասնակցելու տարածք եւ կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ միջոցներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր