00:00:00

Դատախազության պատասխանը Irakanum.am-ի հրապարակումներին

22:33, 23 օգոստոս 2018

ՀՀ Գլխավոր դատախազությունն արձագանքել է Irakanum.am-ի՝ Պայմանագրային զինծառայողին սխալ արյուն են ներկարկել. դատախազ Նաիրի Ավագյանը հրահանգել է գործը փակել եւ Ո՞վ է հովանավորում Ավագյան Նաիրիին․ ինչո՞ւ է լռում գլխավոր դատախազությունը վերտառությամբ հոդվածներին։ Դատախազության արձագանքը ներկայացնում ենք ամբողջությամբ, միաժամանակ տեղեկացնելով, որ թեմայի զարգացումների մասին մանրամասներ կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումների ժամանակ։ «irakanum.am» լրատվական կայքում օգոստոսի 19-ին և 23-ին հրապարակվել է նույն թեմային առնչվող երկու հոդված՝ համապատասխանաբար «Պայմանագրային զինծառայողին սխալ արյուն են ներարկել. դատախազ Նաիրի Ավագյանը հրահանգել է գործը փակել» և «Ով է հովանավորում Ավագյան Նաիրիին. ինչու է լռում գլխավոր դատախազությունը» վերտառությամբ, որոնցով՝ իրողությունների խեղաթյուրմամբ են գտել միտումնավոր անճշտություններ: Վկայակոչելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած և Վայքի հիվանդանոց տեղափոխված Ջերմուկ քաղաքի բնակիչ Վահե Մարգարյանին արյան սխալ ներարկում կատարելու և դրա հետևանքով վերջինիս մահ պատճառելու դեպքի առթիվ 2018թ. հունիսի 13-ին Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործը՝ նյութի հեղինակը, հղում է կատարում նշված դեպքի հետևանքով մահացածի կնոջ՝ Լուսինե Տոնեյանի մեկնաբանություններին և պնդում, որ չնայած քննիչի կողմից քրեական գործի պատշաճ քննության կատարմանը և մեղադրական եզրակացությամբ ավարտմանը, Վայոց Ձորի մարզի դատախազ Նայիրի Ավագյանը «գործը կարճելու հրաման է տվել»: Իբրև դրա «համոզիչ» պատճառ՝ նշվում է, որ այդ գործով մեղադրյալներ «լաբորանտը ու բժիշկ Հրաչիկ Մանուչարյանը բավականին սերտ կապեր ունեն մարզի դատախազ Նաիրի Ավագյանի հետ, Հրաչիկ Մանուչարյանը եւ Նաիրի Ավագյանը ոչ միայն հարեւաններ են, այլ նաեւ Ավագյանի հարազատները աշխատում են Վայքի հիվանդանոցում։ Իսկ լաբորրանտը, ով ի սկզբանե իբրեւ թե ստուգել է պայմանագրային զինծառայողի արյունը եւ նոր արյուն ներարկելու խորհուրդ տվել, մարզային դատախազներից Կարեն Կարապետյանի դասընկերոջ մայրն է»։ Քանի որ հրապարակումներով փորձ է արվում միտումնավոր արատավորել ՀՀ Վայոց Ձորի մարզի դատախազությանը, կանխակալ սխալ կարծիք ձևավորել կոնկրետ քրեական գործով մարզի դատախազ Նաիրի Ավագյանի կողմից անձնական շահագրգռություններ ունենալու և իբր նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը: Վ. Մարգարյանի բուժման ընթացքում թույլ տրված խախտումների և գործի լուծման համար նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով քրեական գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի տվել նշված քրեական գործի քննության լրիվության, օբյեկտիվության և ամբողջականության համար էական նշանակություն ունեցող որոշ հարցերի պատասխան, որոնց բացակայության պայմաններում հնարավոր չէ ներգրավված անձանց գործողություններին տալ լիարժեք և վերջնական քրեաիրավական գնահատական: Մասնավորապես քննությամբ չի պարզվել՝ «Վայքի ԲԿ» ՓԲԸ-ում արյուն պահելու, արյան լաբորատոր հետազոտություններ իրականացնելու հնարավորություններ և պայմաններ եղե՞լ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա Վահե Մարգարյանին ինչո՞ւ է փոխներարկվել դոնորի, այլ ոչ թե՝ լաբորատորիայում պահվող արյունը, իսկ եթե ոչ, ապա «Վայքի ԲԿ» ՓԲԸ-ի լաբորատորիայում առհասարակ ինչպե՞ս են որոշվել արյան առաջնային և կրկնակի ստուգումները: Արյան խմբային և ռեզուս պատկանելիությունը, նաև դոնորի և բուժվող հիվանդի արյունների համատեղելիությունը որոշելիս մեղադրյալ Ժ. Գ.-ի կողմից կիրառված մեթոդը համապատասխանու՞մ է արդյոք բժշկության մեջ ընդունված կանոններին, եթե չի համապատասխանում՝ ապա ինչու՞մ է այն արտահայտվել և այլն: Բացի դրանից, դատարան ուղարկելու միջնորդությամբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մարզի դատախազություն ստացվելուց և ուսումնասիրվելուց հետո պարզվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, չեն պահպանվել գործի նյութերին ծանոթանալուց հետո արվող միջնորդությունների քննարկման դատավարական ժամկետները և կարգը: Ելնելով վերագրյալից՝ 2018թ. օգոստոսի 13-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար գործը վերադարձնել քննիչին: Ավելին՝ քննության լրիվության ու համակողմանիության, ապացույցների լիարժեքության ապահովման նպատակով քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցում: Հարկ է ընդգծել, որ ինչպես նշված քրեական գործը, այնպես էլ դրա նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության վիճակը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում: Նշված անհերքելի փաստերը վկայում են, որ իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում քրեական գործը կարճելու որոշում կայացնելու, մարզի դատախազության կողմից նման դիտավորությամբ առաջնորդվելու վերաբերյալ հրապարակումներում առկա անհիմն, ուղղորդված, և քրեադատավարական ընթացակարգերից անգամ մակերեսային գիտելիքներից զուրկ պնդումները: Ճիշտ հակառակը՝ միանշանակ կարող ենք պնդել, որ կոնկրետ դեպքում, քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելն ակնհայտորեն միտված է նախաքննության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության, ինչպես նաև մեղադրյալների մեղքի՝ բավարար ապացույցներով հիմնավորվածության դատավարական սկզբունքային պահանջների ապահովմանը: Ինչ վերաբերվում է հրապարակման հեղինակի կողմից «պեղված»՝ գործով մեղադրյալ՝ բժիշկ Հրաչիկ Մանուչարյանի և մարզի դատախազ Նաիրի Ավագյանի հարեւաններ լինելու, Ավագյանի հարազատներից Վայքի հիվանդանոցում աշխատելու, գործով մյուս մեղադրյալի՝ լաբորրանտի՝ մարզային դատախազներից Կարեն Կարապետյանի «դասընկերոջ մայրը» լինելու հանգամանքներին, որոնք, հեղինակի վառ երևակայությամբ, իբր, դարձել են «գործը կարճելու հրաման տալու» պատճառ, ապա հարկ է ընդգծել, որ մարզի դատախազության առանձին դատախազներ հանդիսանում են մարզի բնակավայրերի բնակիչներ. գաղտնիք չէ, որ փոքրաքանակ բնակչություն ունեցող բնակավայրերում կարող են բոլորը բոլորին ճանաչել, կարող են նաև հարևան լինել այն անձանց հետ, կամ նրանց առանձին հարազատներ կարող են աշխատել այնպիսի անձանց ենթակայությամբ, որոնք տարբեր կարգավիճակներով անցնում են մարզի դատախազության դատախազների վարույթներում գտնվող քրեական գործերով: Բայց նշվածն ամենևին չի նշանակում, որ այդ հանգամանքներն ազդել են դատախազների ծառայողական պարտականությունների կատարման վրա: Հակառակ դեպքում նույն անառողջ տրամաբանությամբ կարելի է եզրակացնել, որ ինչպես տվյալ, այնպես էլ տարբեր քրեական գործերի նախաքննությունն իրականացնող քննիչների, նրանց վերադասների, դատավարության մասնակիցների կամ նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած լրագրողի անձնական հարաբերությունները, նրանց հետ հարևան, դասընկեր լինել-չլինելու հանգամանքները բավարար պատճառ կամ հիմք են վերջինիս մեղադրելու այդ գործերի վերաբերյալ հեղինակած հրապարակումներում շահագրգռությունների, սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր