00:00:00

«Որոշ գետերում իրավիճակը կատաստրոֆիկ է». Փաշինյանն առաջարկեց գործընթացը չզուգակցել սեփականության վերաբաշխումներով

15:59, 23 օգոստոս 2018

Հայաստանյան գետերում տեղանքներ կան, որ գետի երկայնքով քայլում ես, ուղղակի աղետի տպավորություն է թողնում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փոքր հէկ-երի կառուցման համար արգելված գոտիներ սահմանելու նախագծին: Նա հարց ուղղեց նախագիծը ներկայացնող բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, թե կա՞ն գնահատականներ, թե ինչ է տեղի ունեցել գետերի կենդանական աշխարհի հետ, արդյոք իրավիճակը բավարար է: Ի պատասխան նախարարն ասաց. «Իրավիճակը ձկնուղիների հետ կապված կատաստրոֆիկ է, քանի որ հէկ-երի մեծ մասը չեն համապատասխանում Հայաստանի բնաշխարհին բնորոշ ձկների կարողություններին: Դրա հետեւանքով ձկների պոպուլյացիան էականորեն նվազել է: Մենք արդեն ունենք մշակված կարգը՝ ձկնուղիների բարձրություն, լայնություն, աստիճանների բարձրություն: Դա պետք է առաջարկենք բոլոր հէկ-երին»: Իր հերթին Փաշինյանը հայտարարեց. «Խոսքը ռազմավարական ռեսուրսի մասին է եւ պետք է լրջորեն զբաղվենք այդ խնդրով: Անհրաժեշտության դեպքում, կարծում եմ, նաեւ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս խնդրով: Այս պրոցեսը, սակայն, որեւէ կերպ չպետք է զուգակցվի սեփականության վերաբաշխումներով: Մենք պետք է համագործակցության մթնոլորտ ստեղծենք եւ լուծենք երկու հարց. նախ՝ ապահովել հէկ-երի բնականոն գործունեությունը, երկրորդը՝ բնապահպանական կատաստրոֆիկ իրավիճակների հաղթահարման ճանապարհային քարտեզը, որ հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ժամկետներում ենք այդ խնդիրները լուծելու: Եվ երրորդը օրինականության լիարժեք վերականգնումն է»: Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ ինքը հրապարակել է դատախազության պատրաստած տեղեկանքը փոքր հէկ-երի կողմից ջրօգտագործման անոմալիաների վերաբերյալ. «Կարծում եմ՝ այստեղ պետք է ոչ թե սպառնալիքների լեզուն աշխատի, այլ պետք է կուլտուրա մտնի, որ այդ հանրային ռեսուրսի օգտագործմանը պետք է վերաբերվել պատասխանատու: Մենք Հայաստանում շատ կարեւոր ենք համարում, պայմանականորեն ասած, էկո Հայաստանի շարունակական իրագործումը»: Նշենք, որ Կառավարությունը ի վերջո հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով սահմանվում են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր