00:00:00

«Մենք պետք է նորովի մտածենք և վերագնահատենք, թե հատկապես ինչ է այսօր հարկավոր կառուցել մեր երկրում»

20:05, 20 օգոստոս 2018

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր նշվել է Շինարարի մասնագիտական տոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, շինարարներ: «Հայ շինարար-վարպետների միտքը պատմության ընթացքում կերտել է զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կենսական նշանակության կամուրջներ, ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը, տնտեսական առաջխաղացումը, հոգևոր զարգացումը: Եվ այժմ դուք եք արժանավոր հետևորդները ձեր ուսուցիչների»,- Շինարարի օրվան նվիրված միջոցառմանն իր ողջույնի խոսքն այսպես է սկսել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ շինարարությունն ամեն ինչից զատ՝ քաղաքային ապրելակեպի, հանրային տարածքի նկատմամբ պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերվելու մշակույթ է: Իհարկե, շուկան և պատվիրատուն կարող են ունենալ տարբեր պահանջներ, որոնք երբեմն հակոտնյա են հանրության շահերին, սակայն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ հենց այստեղ է, որ Քաղաքաշինության պետական կոմիտեն պետք է վճռականորեն հանդես գա որպես հանրության ներկայացուցիչ և ի կատար ածի մշակութային և մտքի հեղափոխության իր առաքելությունը: «Հայերի շինարարական արվեստը դարեր ի վեր գտնվել է քաղաքակրթությունների ուշադրության կենտրոնում, իսկ շատ դեպքերում անմիջականորեն ազդել նրանց վրա և ուղղորդել նրանց զարգացումը: Ժամանակի պահանջը միշտ թելադրել է կառուցել շինություններ, որոնք անհրաժեշտ են եղել ազգի պահպանման և գոյատևման համար: Այժմ, փոփոխված պայմաններից ելնելով, մենք պետք է նորովի մտածենք և վերագնահատենք թե ինչն է հատկապես անհրաժեշտ մեր ազգին»,- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը շնորհավորել է շինարարներին, փաստելով, որ դղյակներ և պալատներ կառուցելու ժամանակաշրջանին եկել է փոխարինելու՝ կրթական հաստատություններ, կանաչապատ գոտիներ կառուցելու անհրաժեշտությունը: Բարեպաստ և կայուն զարգացող միջավայրը ոչ միայն լավ ցանկություն է, այլև առողջ սերնդի զարգացման կարևորագույն պայման՝ Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նոր դպրոցներ և համալսարաններ ունենալը ոչ միայն բարի, վերացական գաղափար է համարել, այլև վաղվա մրցունակ մասնագետների և երկրի մրցակցային առավելության գրավական: Շինարարները կառուցելու իրավունքը վաստակում են կրթությամբ, դժվարին պայմաններում աշխատելով: Սակայն ցանկացած իրավունք անխուսափելիորեն բերում է պատասխանատվության, նշել է Կոմիտեի նախագահը, ինչն առաջին հերթին անվտանգ ու ապահով ֆիզիկական միջավայր ստեղծելն է: Դա սերունդների առջև պատասխանատվությունն է. չպետք է լինեն այնպիսի հետևանքներ, որոնք եղան դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո: Ավետիք Էլոյանը կարևորել է երեք դրույթ՝ իրավունք, պարտականություն և արտոնություն: Հենց արտոնության զգացմունքն է, որ կրթում է իսկական շինարարներին և զուգակցում ցանկացած ազգանվեր գործի: Պետք է կառուցել ոչ թե պարտավորության զգացմունքով թելադրված, այլ գնահատելով այն արտոնությունը, որ վստահվել է բոլորիս: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անդրադառնալով բախտորոշ պահի կարևորությանը, երբ ազգի հետագա զարգացումն անմիջականորեն մեր ձեռքերում է՝ շինարարներին, ճարտարապետներին, քաղաքաշինարարներին և առհասարակ, յուրաքանչյուրին մաղթել է իր ոլորտում գիտակցել այդ արտոնությունը, որովհետև դա պետություն կառուցելու միակ ձևն է: Հայաստանի շինարարների միության անունից շինարարներին ողջունել և շնորհավորել է Միության նախագահ Գագիկ Գալստյանը. «Ավելի քան քառորդ դար է, ինչ հայ շինարարը կառուցում է իր անկախ հայրենիքում, բարեկարգում քաղաքներն ու բնակավայրերը՝ իրականացնելով բնակելի, հասարակական, առողջապահական, այլ նշանակության կառուցներ»: Գագիկ Գալստյանը շեշտել է, որ Հայաստանի շինարարների միություն այսօր ավելի քան պատրաստակամ է աջակցելու Քաղաքաշինության կոմիտեին ոլորտի առաջնային հիմնախնդիրների լուծման հարցում՝ քաղաքաշինական պետական նորմերի և շինարարության գնագոյացման շուկայական մեթոդաբանության մշակում, լիցենզիաների տրամադրում, որակյալ շինարար կադրեր պատրաստում և այլն: «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը, շնորհավորելով շինարարներին, կարևորել է մեզ շրջապատող միջավայրում հաշմանդամների համար տեղաշարժն ապահովող պայմաններ ստեղծելը, ինչը պետք է հաշվի առնել հատկապես նոր շենքեր կառուցելիս: 2002 թվականից՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, մեր երկրում նշվող Շինարարի օրը գեղեցիկ ավանդույթ է դարձել՝ առիթ դառնալով ոչ միայն միմյանց շնորհավորելու, այլև ոլորտի երախտավորներին գնահատելու: Շինարարի օրվա կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրամանով ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ոսկե մեդալով և շնորհակալագրերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր