Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ 2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, որի համաձայն հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:
Հիշեցնենք, որ մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գործը:
Գևորգ Օրբելյանն ասաց, որ Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում: Արձանը կտեղադրվի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում՝ մայիսի 28-ի տոնակատարությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ արձանը բավականին քննադատությունների էր արժանացել, ավելի ճիշտ այն պատկերը, նախագիծը, որը ներկայացվել էր հանրության դատին Ելք խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանի կողմից: Շատ քանդակագործներ ու նկարիչներ էլ, ովքեր ընդգրկված էին հանձնաժողովում, բողոքեցին, թե իրենց կարծիքը չեն հարցրել վերջնական տեսքի հարցում: