00:00:00

Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են Քոչարյանի ազատ արձակմանը

20:41, 14 օգոստոս 2018

Գերմանական DPA գործակալությունն անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին: Հաղորդելով, որ Սահմանադրությունը խախտելու մեջ մեղադրվող՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև դատավարության մեկնարկն ազատ արձակվեց կալանքից, գործակալությունը սեղմ կերպով ներկայացնում է նախապատմությունը: «Քոչարյանը, որը պաշտոնավարել է 1998-ից 2008 թվականները, անցյալ ամիս ձերբակալավել, ապա կալանվել էր՝ կապված տասը տարի առաջ նախագահական ընտրությունների ժամանակ բողոքի ցույցերի բռնաճնշումների հետ: Նա հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը, այն համարելով քաղաքական հետապնդում: Հայաստանի Խորհրդարանի 45 պատգամավորներ ստորագրել էին նրան ազատ արձակելու միջնորդություն: Երեկ դատարանի վճռով Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց»,- գրում է գերմանական լրատվամիջոցն ու շարունակում․ «2008 թվականի վիճահարույց ընտրություններում Քոչարյանն աջակցում էր Սերժ Սարգսյանին: Սարգսյանը, պաշտոնավարելով մեկ տասնամյակ, այս տարի հրաժարական տվեց՝ իր իշխանության դեմ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի պատճառով»: «Ռոյթերզ» գործակալությունն, իր հերթին, հաղորդում է՝ անցած երկուշաբթի Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ է արձակվել, սակայն մնում է մեղադրյալ, նրան առաջադրված մեղադրանքները չեն փոխվել: «1998-2008 թթ․ Հայաստանի նախագահ Քոչարյանը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ կապված 2008 թվականի ընտրություններից հետո տեղի ունցած իրադարձությունների հետ, երբ նրա դաշնակից Սերժ Սարգսյանը դարձավ երկրի հաջորդ նախագահը»,- ներկայացնում է «Ռոյթերզը»: Ռուսական «Կոմերսանտի» երևանյան թղթակիցը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին գրում է՝ անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների հետևանքով 10 մարդ էր զոհվել, մոտ 200-ը՝ վիրավորվել: Անդրադառնալով նույն իրադարձություններին, «Վեստնիկ Կավկազա» կայքն էլ նշում է, որ ցուցարարների դեմ մարտական զենք էր կիրառավել, ինչը հանգեցրել էր 10 մարդու մահվան: Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալութունը մեջբեում է Հայաստանի գլխավոր դատախազության մոտ կայացած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերը․ «Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազությունն անհապաղ բողոքարկի Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը: Նա պետք է նորից բանտ նստի՝ 2008-ին 10 մարդու սպանության համար»: Հայաստանի Վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին քննում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու պահանջով միջնորդությունները: Երկուշաբթի օրը վերաքննիչը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր