ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող է սահմանել։ Այդ մասին հայտնում է Wall Street Journal-ի հոդվածագիր Դիոն Նիսսենբաումը։ Պատճառն այն է, որ պաշտոնական Անկարան հերթական անգամ մերժեց Թուրքիայում կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու ԱՄՆ-ի պահանջը։
Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Վերջերս առողջական խնդիրների պատճառով թուրքական դատարանը բանտային կալանքի փոխարեն, Բրանսոնի նկատմամբ սահմանեց տնային կալանք։ ԱՄՆ-ն դա համարեց ոչ բավարար քայլ։
Ըստ հոդվածի հեղինակի՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց 2 թուրք նախարարների նկատմամբ, Միացյալ Նահանգներ մեկնեց թուրքական պատվիրակություն։ Այցի նպատակն էր, որ կողմերը համաձայնության գային Բրանսոնի հարցի շուրջ։ Սակայն նման բան տեղի չունեցավ, ինչն էլ ավելի է խորացնելու թուրք-ամերիկյան ճգնաժամը։
Հաշվի առնելով վերջին թուրք-ամերիկյան անհաջող բանակցությունները, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։
Հեղինակը տեղեկացնում է, որ ամերիկյան կողմը թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պահանջել է անհապաղ ազատ արձակել հոգևորականին։
Այդ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-ի այլ քաղաքացիների ազատ արձակման հարցը։ Դրանցից է ՆԱՍԱ-ի աշխատող ազգությամբ թուրք Սերքան Գյոլգեն։