00:00:00

Նախատեսվում է բարձրացնել անգլերենի իմացության մակարդակը. կստեղծվեն լեզվի ակումբներ

17:32, 09 օգոստոս 2018

Հայաստանում անգլերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ այսուհետև կիրականացվեն արտադասարանական միջոցառումներ, կստեղծվեն լեզվի ակումբներ: Մտահղացումն իրականացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաունն օգոստոսի 9-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ 5 տարի ժամկետով: «Անգլերենի ուսուցում» ծրագրով անգլերեն դասավանդող հայ ուսուցիչներին կցուցաբերվի մասնագիտական աջակցություն՝ համատեղ անգլերեն դասավանդելու, դասընթացներն առավել արդյունավետ պլանավորելու, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը բարելավելու համար: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալն իր խոսքում նշեց, որ համաձայնագիրը մեծ պատասխանատվությամբ է ստորագրել և առանձնացրեց մի քանի կետ, թե ինչու են կարևորում այս համագործակցությունը: «Առաջին հերթին՝ ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները գալով Հայաստան և մասնակցելով անգլերենի դասավանդման գործընթացին՝ հաճախ լինում են այն «առաջին պատուհանը», որով հայաստանյան կողմի ներկայացուցիչները կարողանում են շփվել ամերիկյան մշակույթի հետ: Կարևորում եմ նաև այն առումով, որ Խաղաղության կորպուսի կամավորները վերադառնալով ԱՄՆ՝ իրենց հետ տանում են մի փոքր Հայաստան: Երրորդ կետը, որը գուցե չի բխում այս հուշագրի և Խաղաղության կորպուսի անմիջական նպատակներից, այն է, որ այս տարիների ընթացքում, կարծում եմ, ինչ-որ չափով կամավորները կարողացել են ներմուծել կամավորության մշակույթը մեր երկրում»,- ասաց Անափիոսյանը: Սանի Լաունն էլ իր հերթին ընդգծեց, որ իրենց կամավորները շատ ավելին են անում, քան ուղղակի անգլերենի դասավանդումն է՝ նրանք դառնում են ընտանիքի անդամներ: «Կամավորները՝ գալով Հայաստան, ուսումնասիրում են նաև երկրի մշակույթը, ծանոթանում տեղի լեզվին: Կամավորները նպաստում են ոչ միայն Հայաստանում անգլերեն լեզվի զարգացմանը, այլև իրենք ձեռք են բերում շատ օգուտներ»,- նշեց ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրենը: Նա հույս հայտնեց, որ այս համագործակցության միջոցով հնարավոր կլինի ավելի խթանել համատեղ հարաբերությունների պահպանմանը: Հայ ուսուցիչների հետ համատեղ կամավորները կմշակեն կրթական նյութեր՝ գրադարանները և ռեսուրս-կենտրոնները հարստացնելու նպատակով: Համաձայն հուշագրի՝ կամավորների ընտրությունը կատարվում է հիմք ընդունելով լեզվական և մասնագիտական հմտությունները, երաշխավորագրերը, ինչպես նաև համապատասխանությունը տվյալ գործունեությանը: Կամավորների հավաքագրումն ու ընտրությունը ԿԳ նախարարությունն ամբողջովին թողնում է Խաղաղության կորպուսի հայեցողությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր