00:00:00

Արցախը բանակցային կողմ դարձնելը լավագույնը չէ, լավագույնը մադրիդյան սկզբունքների փոփոխությունն է. քաղաքագետ

23:51, 06 օգոստոս 2018

Արցախի ազատագրված 7 շրջանները հայկական տարածքներ են, չեն կարող վերադարձվել, բայց եւ չպետք է հանձնվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Քաղաքագետն Արցախի հարցի քննարկումներում նկատվող ակտիվությունը կապեց հակահեղափոխական գործողությունների հետ. «Սա մեծ պատկերի մի մասն է եւ ունի ուղղորդման հստակ գիծ։ Այս խոսակցությունները հատկապես ակտիվացան Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո»։ Հայկ Մարտիրոսյանն իր դեմ վերջերս տեղ գտած հարձակումները եւս կապեց հակահեղափոխական այդ գործողությունների հետ: «Ինձ հայտնի են դրանց կատարողներն ու մոտիվները»,- նշեց նա։ Քաղաքագետը շեշտեց՝ Արցախի անկախությամբ խաբում ենք ինքներս մեզ.  «Մենք այժմ գործ ունենք Արցախի Հանրապետության մի կարգավիճակի հետ, երբ անգամ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Արցախի անկախությունը։ Արցախում ցանկանում են ձեւացնել, թե իբր անկախ պետություն են, սակայն սնվում են ՀՀ բյուջեից, ՀՀ Զինված ուժերն են սահմանները պաշտպանում։ Սրանով որեւէ մեկին չենք խաբում, բացի ինքներս մեզանից, մենք հայտնվել ենք փակուղում»։ Նա կարծիքով՝ խնդիրը սկիզբ է առել Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք. «Արցախի անկախության տեսությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի մտքի արգասինքն էր, որով առաջին նախագահը փորձում էր ազատվել «արցախյան բեռից»՝ իրենց ներկայացնելով սուպերպացիֆիստական ուղղության ներկայացուցիչներ, համաձայն որի՝ խնդիրները պետք է լուծել զիջումներով»։ Անդրադառնալով Արցախի կարգավիճակին՝ նա նշեց, որ մշտապես կարեւորվել է Արցախի անկախությունը, սակայն ավելի կարեւոր է ազատագրված շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելը. «Հայ հասարակության մեջ ստեղծվել է մի միտում, երբ մենք սկսել ենք մտածել, որ Արցախի անկախությունը կարեւոր է։ Պարտված թշնամու կողմից Արցախի անկախության ճանաչումը դարձնում ենք սակարկության առարկա, նրանցից հայցում ենք ճանաչում, որի դիմաց մենք պարտավորվում ենք թշնամուն հանձնել մեր ազատագրված հողերը։ Այս քաղաքականությունը շարունակել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»։ Նա արցախյան հարցում իր աջակցություն հայտնեց նոր իշխանությունների մոտեցումներին, քանի որ, ըստ նրա, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները փորձում են առկա տխուր իրավիճակում գտնել առավել օպտիմալ լուծումներ. «Այն գիծը, որն ընտրվել է՝ Արցախը դարձնել բանակցային կողմ, լավագույնը չէ, լավագույնը կլինի բանակցային փաթեթի մադրիդյան սկզբունքների փոփոխությունը, դա կլինի միակ տարբերակը, որով հայ ժողովուրդը կկարողանա պահպանել վերահսկողությունը ազատագրված 7 շրջանների նկատմամբ»։ Բանախոսը հայտարարեց, որ իր համար Արցախի Հանրապետություն գոյություն չունի, կա ՀՀ մաս հանդիսացող Արցախի մարզ, ապա հավելեց. «Արցախում կան Արցախի անկախության հարցում շահագրգռված ուժեր, որոնք Արցախի իշխանություններն են, քանի որ նախագահի, վարչապետի պաշտոն ունեն, իրենց նախարարներ են երեւակայում»։ Նա անդրադարձավ իր՝ աղմուկ հանած մեկնաբանությանը եւ հայտարարեց, որ դա համատեքստից կտրված է ներկայացվել, ապա պարզաբանեց. «Եթե Արցախում կրկնում են, որ պետք է անկախ լինեն, սրտանց հավատում են այդ անկախությանը, ապա միայն այդ պարագայում թող արցախցիները պաշտպանեն իրենց, ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին պաշտպանի «ուրիշ ժողովրդի անկախությունը»,- եզրափակեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր