00:00:00

Պատռված շալվարի հետ կապված դիտողությունը հանգեցրեց սպանության

17:09, 07 մարտ 2018 Իրավական

Դատարանում քննվում է հարսանեկան արարողության ավարտին կատարված սպանության գործը. սպանությանը հանգեցրել է չնչին առիթը՝ ճղված շալվարի հետ կապված արված դիտողությունը: Այսպես, ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Հարություն Բաղրամյանը 2017 թ. սեպտեմբերի 3-ին ժամը 18-ի սահմաններից սկսած գտնվել է Արարատի մարզում գտնվող հանդիսությունների սրահում, որտեղ մասնակցել է իր ազգականի հարսանյաց հանդեսին, որին ներկա են եղել իր բարեկամներ Եղիշ Հայրապետյանն ու Ստեփան Մինասյանը: Հարսանյաց հանդեսի ավարտի ժամանակ՝ արդեն 2017թ. սեպտեմբերի 4-ին, ժամը կեսգիշերի սահմաններում, Հարություն Բաղրամյանը մինչև այդ հարսանյաց հանդեսի ընթացքում Խաժակ Նավասարդյանի կողմից իր հագին եղած հագուստի վերաբերյալ իրեն արված դիտողության շուրջ հիշյալ սրահի բակում վիճաբանել է Եղիշ Հայրապետյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնի աջ շրջանին, նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք, դիմել է փախուստի: Դա նկատելով նրա հետևից վազել են նույն օրը հարսանյաց արարողությանը մասնակից Կարապետ Նազարյանը, Ռազմիկ Հայրապետյանը, Արարատ Նավասարդյանը, որոնց հետևից՝ տուժող Ստեփան Մինասյանը: Հասնելով Երևանի Նորագավիթ առաջին փողոց՝ Հարություն Բաղրամյանը մտել է նույն փողոցի հինգերորդ փակուղի և հասնելով այնտեղ գտնվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի մասնատված թափքի մոտ, թաքնվել է դրա հետևում: Երբ Կարապետ Նազարյանը, Ռազմիկ Հայրապետյանը և Արարատ Նավասարդյանը ավտոմեքենայի մասնատված թափքի աջ հատվածից մոտեցնել են Հարություն Բաղրամյանին, տեսնելով նրանց՝ հակառակ կողմից դուրս գալով թափքի հետևից, փորձել է վազել դեպի Նորագավիթ առաջին փողոց, որի ժամանակ իր դիմաց է դուրս եկել Ստեփան Մինասյանը: Նրան նկատելով՝ Հարություն Բաղրամյանը իր աջ ձեռքում եղած դանակով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին` վերջինիս պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի` սրտի վնասման ձևով մարմնական վնասվածք և սպանել նրան: Ամբաստանյալն ի պատասխան դատարանի ճշտող հարցի՝ հայտարարեց, որ ինքը դիտավորությամբ կյանքից զրկելու մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, դատարանում նախ հարցաքննվեց տուժողի հայր-իրավահաջորդը: Նա նույնպես ներկա է գտնվել հարսանյաց հանդեսին: Իրավահաջորդը չի տեսել որդուն հարվածելու պահը, այդ մասին իրեն հայտնել են ամբաստանյալին հետապնդող երեք անձինք: Տուժողի իրավահաջորդը տեսել է որդուն գետնին ընկած՝ ուշագնաց վիճակում, իրեն չի հաջողվել ուշքի բերել նրան: Ստեփանը ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից իրենց հայտնել են Ստեփանի մահանալու մասին: Գետնին պառկած է եղել նաև ամբաստանյալը՝ Հարություն Բաղրամյանը, նրան ծեծել էին նրան հետապնդող երեք անձինք, ըստ տուժողի իրավահաջորդի, այն բանից հետո, երբ Ստեփանին մահացու հարվածն էր հասցվել: Տուժողի իրավահաջորդը պահանջեց, որպեսզի ամբաստանյալը «նորմալ, ինչ պետք է պատասխան տա»: Հաջորդ դատական նիստի մասին դատարանը ծանուցում կուղարկի գործով 10 վկաներից հինգին, վկաների հարցաքննությունից հետո կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, վերջում ցանկության դեպքում ցուցմունք կտա ամբաստանյալը:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր