«Երեխաներիս զբոսնելու կամ մանկապարտեզ տանելու իրավունք ունեին միայն նրա քույրերը: Իսկ ես անգամ հեռախոսով չէի կարող խոսել առանց նրա թույլտվության»,- վերհիշել է Աուրելիան, որի պնդմամբ՝ ամուսինը ստիպում էր, որ նա ամեն տարի երեխա ունենար:
Նա նաև նշել է, որ իրենց տանն իսկական զինանոց կար, և որ Խաչատուրյանը կրակում էր տան մեջ, սպառնում սպանել նրանց բոլորին:
«Կտանեմ ձեզ անտառ, կսպանեմ, ու ոչ ոք չի իմանա»,- նախկին ամուսնու սպառնալիքները վերհիշել է կինը՝ հավելելով, որ տղամարդը հանգստացնող հաբեր էր ընդունում, սակայն դրանք չէին օգնում:
Աուրելիան պատմել է, որ Խաչատուրյանն իրենց առաջնեկին՝ Սերգեյին, տնից դուրս էր վռնդել, երբ նա դեռևս 16 տարեկան էր, քանի որ կասկածում էր, որ տղան իրենը չէ, մշտապես դաժանաբար ծեծում էր նրան ու մի անգամ նույնիսկ ատրճանակով կրակել էր ոտքին:
Ինչ վերաբերում է դուստրերին, ապա մայրը պատմել է, որ Խաչատուրյանը թույլ չէր տալիս, որ նրանք դպրոց հաճախեին, քանի որ նրան դուր չէր գալիս, որ աղջիկներ այնտեղ ազատ են, ունեն ընկերներ, շփվում են շրջապատի հետ:
«Նա երեկոյան կարգադրում էր՝ առավոտյան ոչ մեկը դպրոց չի գնալու: Իսկ ես արթնանում էի ու աղջիկներին թաքուն դպրոց ուղարկում: Միշան արթնանում էր, տեսնում, որ դուստրերը տանը չեն, սկսում էր ինձ ծեծել»,-պատմել է կինը: