00:00:00

Cumhuriyet.«Հայաստանում հեղափոխությունից ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել»

01:10, 02 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը անդրադարձել է  Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ անվանելով այն «21-րդ դարի անարյուն հեղափոխություն»։ «Թեև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից արդեն ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել, բոլորը լի են հույսով և ապագայի նկատմամբ հավատով։ Երևանցիները պատմում են, որ նախկին վախի մթնոլորտը արդեն վերացել է։ Մարդիկ ժպտում են։ Մինչև հիմա բոլոր զրույցները միայն բողոքներ էին պարունակում։ Հիմա մարդիկ մտածում են, թե ինչպես կարող են լուծումներ գտնել», -գրում է հոդվածի հեղինակ Նազան Օզջանը։ Հեղինակը նկատում է, որ Երևանում, որտեղ վերջին տարիների ամենատաք ամառներից մեկն է տիրում, երջանիկ ու խաղաղ դեմքեր են հանդիպում։ Նրանք գիտակցում են, որ փոփոխությունները մի ակնթարթում չեն լինելու, բայց հավատացած են, որ փոփոխելու ուժն իրենց ձեռքերում է։ Անգամ ծանր տնտեսական վիճակը չի ստվերում հեղափոխության երջանկությունը։ Փողոցները մինչև գիշերվա 02։00-ը լի են մարդկանցով, երիտասարդները զվարճանում են, խանութներում առևտուր են անում, ռեստորաններում ազատ տեղ գտնելը դժվար է։ Օզջանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունն անցավ ցույցերը կազմակերպող ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, ովքեր հանրության հետ փողոց էին դուրս եկել։ «Ամենակարևորը՝ արյուն չթափվեց։ 11-րդ օրվա վերջին, երբ Սարգսյանը հրաժարական տվեց, Երևանի փողոցներում և հատկապես Հանրապետության հրապարակում ամբոխները պարում էին», -գրում է հեղինակը։ Թերթի հետ հարցազրույցում երևանցի երիտասարդներից մեկը պատմել է, որ օրեր առաջ ՀՀ նոր վարչապետը մենակ՝ առանց թիկնապահների, քայլելով անցել է այն սրճարանի մոտով, որտեղ նա աշխատում է։ «Սովորական մարդկանց նման», -հիացմունքով հավելել է նա։ Իսկ մի կին պատմել է, թե ինչպես է նորանշանակ կրթության նախարարն աշխատանքից ազատել այն դպրոցի տնօրենին, որտեղ հակառակ հրանհանգի շարունակել են նախկինի պես ուսուցիչների համար թանկարժեք նվերների գումարներ հավաքել աշակերտներից։ Հեղինակը նկատում է նաև, որ հեղափոխությունից հետո ժողովրդի պահվածքն էլ է փոխվել։ Որպես օրինակ նշվում է այն հանգամանքը, որ մարդիկ արդեն ավելի հաճախ գնումներ են կատարում մանր և միջին առևտրականների խանութներից, այլ ոչ թե օլիգարխներին պատկանող հսկա սուպերմարկետներից։ Օզջանը հայկական հեղափոխության մասին զրուցել է նաև Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան – փորձագետ, պոլսահայ Ալին Օզինյանի հետ, ով ներկայումս բնակվում է Հայաստանում։ Վերջինիս բնութագրմամբ՝ Հայաստանում տեղի ունեցածը իրականում հեղափոխություն չէր, քանի որ որևէ համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել․ դա իշխանափոխություն էր։ Սակայն նախկին իշխանությունների որդեգրած, ծանոթ- բարեկամության և կաշառքի վրա հիմնված պետությունը փոխելու, իշխող խմբին իշխանությունից հեռացնելու տեսակետից երևույթն իրոք հեղափոխական բնույթ ուներ։ Օզինյանի խոսով՝ հեղափոխության շնորհիվ Հայատանը վերադարձել է «գործարանային կարգավորումների»։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր