ՀԱՊԿ ղեկավարությունը տվյալներ չունի այն մասին՝ արդյոք Հայաստանը գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչի պաշտոնական դիմում ներկայացրել է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Պատասխանելով հարցին այն մասին, թե հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչի հարցով, Սեմերիկովը հայտարարել է. «Ես պաշտոնական տեղեկություն չունեմ այն մասին, թե հայկական կողմը դիմել է գործող գլխավոր քարտուղարի հարցով ինչ–որ պաշտոնական փաստաթղթով»։
Նրա խոսքով՝ հայկական կողմից համապատասխան դիմումի դեպքում անհրաժեշտ կլինի ՀԱՊԿ անդամ երկրների հետ համաձայնեցման գործընթաց սկսել։
«Այնուհետեւ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում կկայացնի»,–նշել է Սեմերիկովը՝ պարզաբանելով, որ այդ գործընթացի տեւողությունը կախված կլինի նրանից, թե ՀԱՊԿ անդամ երկրները ինչպես կանցկացնեն համաձայնեցման գործընթացը եւ ով կընդգրկվի դրանում։