«Երեւանի ավագանու նիստերի լուսաբանման եւ քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են:
Երեւանի ավագանու աշխատանքների թափանցիկությունն ու պատշաճ լուսաբանումը այդ մարմնի հանդեպ հանրային վստահության ապահովման, քաղաքացիների տեղեկություններ ստանալու իրավունքի կարեւոր երաշխիքներից են: Լրագրողն այդ կարեւոր հանրային գործառույթի կրողն է: Օրենքին համապատասխան եւ բարեխիղճ գործելու լրագրողի բարձր պատասխանատվությունն ու կոչումը պայմանավորում են պետության ներկայացուցչի պարտականությունն առաջնորդվելու լրագրողի օրինավորության, նրա բարեխղճության ու ազնվության կանխավարկածով: Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունում Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումն այն մասին, որ քաղաքապետարանի շենքում լրագրողի աշխատանքի կազմակերպումն ու ավագանու նիստերի լուսաբանման առնչությամբ կարգավորումները չեն առաջացնելու խոչընդոտներ լրագրողների համար, իսկ բաց եւ թափանցիկ աշխատանքի սկզբունքները շարունակվելու են պահպանվել: Որեւէ կարգավորում չի կարող իրականացվել այնպես, որ հանգեցնի լրագրողի աշխատանքի խոչընդոտման կամ ձեւավորի նման հանրային ընկալում: