Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը որքան էլ սպասելի էր, այնքան էլ հարցեր առաջացնող էր: Մարգարյանը, հիշեցնենք տեւական ժամանակ դիմադրություն էր ցույց տալիս, եւ ավելին հայտարարում էր, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին պնդում էր, որ Մարգարյանը հրաժարական կներկայացնի, եթե ինքը հորդորի: Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Փաշինյանը հերքեց, թե ինքն է Տարոն Մարգարյանին հորդորել հրաժարական տալ: «Ես անձամբ Տարոն Մարգարյանին ոչ մի բան չեմ հորդորել»,- ասել է նա: Փաստացի ստացվում է Մարգարյանը հեռացել է, ոչ թե հորդորով, այլ սեփական նախաձեռնությամբ: Irakanum.am-ը իր հրապարակումներից մեկում գրել էր, որ Մարգարյանի հեռացումը, իրականում ոչ թե քաղաքապետի պաշտոնից էր, այլ ՀՀԿ-ից:
Այժմ անդրադառնանք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: ՀՀԿ-ն տեղեկությունների համաձայն ընտրական այս գործընթացին չի մասնակցելու: Տեղեկությունների համաձայն նրանք ակտիվորեն նախապատրաստվում են խորհրդարանական ընտրությունների:
Խորհրդարանական եւ արտախորհրդարանական որոշ ուժեր արդեն իսկ հայտարարել են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: Գլխավոր ինտրիգը, սակայն գործող իշխանության մասնակցության ձեւաչափին է վերաբերում: Կգնա արդյո՞ք Ելք-ը դաշինքով ընտրությունների, թե այնուամենայնիվ պառակտված: Երեկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Փաշինյանը անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, եւ պատասխանելով այն հարցին, թե ունեն թեկնածու, ասել էր. ««Քաղաքացիական պայմանագրում» քննարկվում է ու կքննարկվի այդ հարցը: Թեկնածուներ կան, որոնց անունները շրջանառվում են մամուլում ու զարմանալի է, որ ասում եք, թե մենք թեկնածուներ չունենք»:
Մամուլում քննարկվում է քաղաքապետի հետեւյալ թեկնածուների անունները՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյան, դերասան Հայկ Մարության: Շրջանառվում է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանի անունը: Նշված անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են: Դատելով այն հանգամանքից, որ Փաշինյանը չի հերքել այս անձանց՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը, կարելի է ենթադրել, որ ՔՊ-ն առաձին է մասնակցելու ավագանու արտահերթ ընտրություններին, կամ դաշինքում որոշում կա սատարել ՔՊ-ի թեկնածուին, ինչի մասին չեն հայտարարում:
Irakanum.am