Իրաքում 12 մարդ է զոհվել, 571 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ՝ երկրի մի շարք քաղաքներում սկսված զանգվածային ցույցերի ընթացքում:
Իրաքի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատի հայտարարության համաձայն, 12 զոհերը խաղաղ ցուցարարների շարքից են, 571 տուժածներից 195-ը ցուցարարների, 371-ը՝ իրաապահների շարքերից են:
Կոմիսարիատի հայտարարության մեջ նշվում է, որ ցույցերի ընթացքում ավերվել են 47 կառույցներ, որոնցից 18-ը՝ կառավարական նշանակության, 22-ը՝ շտաբ-բնակարաններ, 7-ը՝ բնակելի տներ են, ցուցարարների կողմից հրդեհվել է 25 ավտամեքենա:
Արդեն ձերբակալվել են 302 ցուցարարներ:
Իրաքում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 8-ին՝ Բասրա քաղաքից: Ցույցերի ընթացքը բավական վերահսկվող է եղել, իրավիճակը սրվել է՝ անցած կիրակի օրը ցուցարարներից մեկի մահվան դեպքից հետո:
Ցույցերը գործազրկության բարձր մակարդակի ու կոմունիկացիաների վիճակի վատթարացման դեմ են ուղղված: Ցուցարարները պահանջում են վերջ դնել ամենօրյա էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման երկարաժամկետ անջատումներին, որոնք անտանելի են դարձել՝ երկրում գրանցված աննախադեպ շոգերի՝ +50 աստիճանի պայմաններում:
Բասրայի ցույցերից ոգեւորված, բողոքի ակցիաներն ու ցույցերը տարածվել են Իրաքի մի շարք բնակավայրերում՝ արձանագրելով մասնակիցների մեծ թվեր:
Երկրի կառավարությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ ցուցարարների պահանջների քննարկման ու դրանց լուծման ճանապարհներ գտնելու համար, Բասրայի բնակիչներին խոստացվել է 2 միլիարդ դինարի (17 միլիոն դոլար) հատկացում, որն ուղղվելու է ջրագծերի վերանորոգմանն ու էլեկտրագծերի նորացմանը: Բնակիչներին կառավարությունից խոստացել են նաեւ 10 հազար մարդու համար աշխատատեղեր ստեղծել:
Իրանում գործազրկության մակարդակը 10,8 տոկոս է կազում, պաշտոնական որոշ աղբյուրների համաձայն՝ 15 տոկոս: Երկրում հիմնական գործազուրկները մինչեւ 24 տարեկան երիտասարդներն են: