00:00:00

Սևանա լճում ջրի աղտոտման խնդիր չկա, ջրի աննախադեպ բարձր ջերմաստիճանից ջրիմուռները սկսել են ակտիվ զարգանալ. «Սևան» ազգային պարկի» տնօրեն

01:43, 15 հուլիս 2018

Սևանա լճում ջրի աղտոտման խնդիր չկա, դա բնական երևույթ է, կապտականաչ ջրիմուռները՝ պայմանավորված ջրի աննախադեպ բարձր ջերմաստիճանով, սկսել են ակտիվ զարգանալ. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն` Վահե Գուլանյանը, ի պատասխան մամուլի հրապարակումների, թե Սևանա լճի ջուրն աննախադեպ աղտոտված է, նույնիսկ այնպիսի ափերում, որտեղ մշտապես ջուրը մաքուր է եղել, մասնավորապես Շորժայի ափին: Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Ալեքսանդր Գարգալոյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Սևանա լճի աղտոտվածության աստիճանը: «Հարգելի բնապահպաններ, ո՞վ է նախարարը, ես չգիտեմ: Սա Սևանն է, նայե՛ք: Սա Շորժայի ափն է, որը միշտ մաքուր էր: Ստեղ նայեք, գույնը նայեք: Էս էլ մեր Սևանն ա, ապրեք բոլորդ, молодцы! Սևանն էլ վերջ տվինք»,- տեսանյութում նշում է Ալեքսանդր Գարգալոյանը: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը նշեց, որ նման երևույթ նկատվել է նաև 2006թ-ին, իսկ այս տարի իրենք արդեն կանխատեսել էին, որ ջրիմուռների ծաղկման բռնկում կլինի: Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր է ջրիմուռների ծաղկման երկրորդ բռնկում լինի նաև օգոստոսին: «Սևանում ծանծաղուտներում ջրի ջերմաստիճանը գրանցվել է +22, +23, առանձին դեպքերում մինչև +24 աստիճան և բնականաբար այդ հատվածներում նկատելի են լինում նման երևույթներ:  Ջրում առկա օրգանական նյութերը՝ ջրիմուռները, արևի ինտենսիվության հաշվին բուռն աճ են տալիս, սա որևէ վտանգավոր և արտառոց բնույթ չի կրում, միայն  գեղագիտական տհաճություն է պատճառում: Մարդը կարող է մտնել ջուրը լողալ, վտանագվոր չէ, ուղղակի ջրիմուռների մեծ քանակություն է»,- ասաց նա: Ըստ նրա, սովորաբար նախորդ տարիներին ջրի ջերմաստիճանը +21, +22 աստիճանի սահմաններում էր։ Վահե Գուլանյանն ասաց, որ եթե եղանակային պայմաններն այսպես շարունակվեն, դա կարող է տևել դեռ մեկ շաբաթ և ավելի: «Ճահճացման որևէ վտանգ չկա, սա ժամանակավոր, երևույթ է »,- ասաց նա: Վահե Գուլանյանը խորհուրդ է տալիս Սևանում հանգստացողներին ծանծաղուտ հատվածներից հեռու մնալ՝ ուղղակի չկեղտոտվելու համար: Ջրիմուռները առողջության համար որևէ վտանգ չեն ներկայացնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր