Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նվաճեցին ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության բրոնզե մեդալները: Քիչ առաջ նրանք 3-րդ տեղի համար պայքարում հաղթեցին Անգլիային: Մրցակցի նկատմամբ առավելության հասան 2:0:
Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին: Բելգիացիներին առաջ մղեց Թոմաս Մյոնյեն: Առաջին խաղակեսն ավարտվեց այս հաշվով:
2-րդ կեսում որքան հանդիպումը մոտենում էր ավարտին, այնքան անգլիացիները փորձում էին մեծացնել ճնշումը: Խաղավարտին մոտ դրվագներից մեկու նրանք բավական մոտ էին հաջողությանը: Էրիկ Դայերը հարվածեց, ու գնդակն ընթանում էր դեպի դատարկ դարպասը, սակայն Թոբի Ալդերվեյրեյլդը թույլ չտվեց, որ այն հատի դարպասային գիծը:
Րոպեներ անց Մյոնյեն կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն անգլիացիների դարպասապահ Ջորդան Փիքֆորդը տեղում էր: 82-րդ րոպեին բելգիացիներն այդուհանդերձ խփեցին 2-րդ գոլը ու վճռեցին խաղի ելքը: Աչքի ընկավ Էդեն Ազարը:
2:0, ու բելգիացիները տուն են վերադառնում բրոնզե մեդալներով, իսկ անգլիացիները ձեռնունայն: Այս մրցաշարի ընթացքում սա այս թիմերի 2-րդ հանդիպումն էր: Նրանք մրցել էին նաեւ խմբային փուլում (G խմբում էին): Այն ժամանակ էլ հաղթել էր Բելգիան (1:0):
Վաղը՝ հուլիսի 15-ին, տեղի Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակչում կորոշվի ԱԱ 2018-ի չեմպիոնը: Խաղը կսկսվի 19:00-ին: