Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Վայոց Ձորի մարզում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ավտոմեքենան ցուցարարների կողմից շրջափակելու փաստին:
«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու եւ անհրաժեշտ ընթացք տալու համար»,-Facebook-ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ Facebook-ի իր էջում Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրել էր. «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ «Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով եւ քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են եւ այլեւս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:
Ավելի ուշ նա նշել էր, որ ոստիկաններին հաջողվել է բացել ճանապարհը. «Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց եւ կուղեւորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների եւ հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»: