00:00:00

Ո՞րն է ոստիկանության արձանագրած հաջողության գաղտնիքը

21:12, 14 հուլիս 2018

Գաղտնիք չէ, որ պետության ողնաշարը նախևառաջ դրա իրավապահ մարմիններն են: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որն ապացուցողական հավելյալ բազա չի պահանջում: Հետևաբար՝ այս կամ այն երկրի էֆեկտիվության աստիճանը որոշելիս նախևառաջ ընդունված է ուշադրություն դարձնել իրավապահ մարմիների աշխատանքի որակին, դրանց արձանագրած արդյունքներին, հասարակական վարկանիշին: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրի իրավապահ համակարգում լրջագույն կադրային տեղաշարժեր եղան, եղան որոշակի վերանայումներ՝ հեղափոխության ոգուն համապատսխան, որ նպատակ ունեին՝ է՛լ ավելի բարձրացնելու համապատասխան մարմինների աշխատանքի արդյունավետությունը, այն հասցնելու միանգամայն նոր մակարդակի: Այդ փոփոխություներն, ինչպես հայտնի է, չշրջանցեցին նաև ոստիկանական համակարգն՝ է՛լ ավելի կատարելագործելու, է՛լ ավելի հղկելու մի իրավապահ սիստեմ, որն իրերի բերումով, թերևս, ամենահաճախն է առնչվում շարքային քաղաքացու հետ, նրա հետ կիսում ունեցած խնդիրներն ու հենց տեղում գտնում դրանց լուծումներ: Այժմ՝ հեղափոխությունից ամիսներ անց, հետևելով ՀՀ ոստիկանության ու դրա ղեկավար Վալերիյ Օսիպյանի գործունեությանն ու ձեռագրին, ինչպես նաև արձնագարելով ձեռք բերված արդյունքները՝ կարող են հաստատապես պնդել, որ բարեփոխումներն իսկապես հաջողվել են, ու պետությունը կարողացել է կերտել մի համակարգ, որն առավել քան երբևէ ունի մարդկային հասկանալի դեմք, իր գործունեության մեջ հնարավորինս թափանցիկ է՝ հարատև դարձնելու այն թանկագին վստահությունը, որ այսօր շարքային քաղաքացին տածում է թե՛ առհասարակ ոստիկանության՝ որպես իրավապահ համակարգի, թե՛ անձամբ ոստիկանապետ Օսիպյանի հանդեպ: Ո՞րն է ոստիկանության արձանագրած աննախադեպ հաջողության գաղտնիքը: Անշո՛ւշտ, դա նախևառաջ հանցավորության դեմ պայքարում արձանագրած իսկապես աննախադեպ հաջողություններն են, երկրում ընթացող հակակոռուպցիոն արշավի առաջին շարքերում լինելն ու թալանի նկատմամբ զրոյական հանդուրժողականություն դրսևորելը: Կարևոր է հատկապես այն, որ հանդիսանալով կոռուպցիայի դեմ պետության մղած պատերազմի կարևորագույն գործիքակազմերից մեկը՝ ոստիկանությունն այսօր, հաստատապես կարող ենք պնդել, լիարժեքորեն մաքրվում է այն անցանկալի երևույթներից, որոնք միգուցե նախկինում բնորոշ են եղել այս կառույցին՝ պայմանավորված գլխավորապես սուբյեկտիվ բնույթ կրող գործոններով: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ պարզից էլ պարզ է՝ չի կարող մի կառույց անկեղծորեն լծվել կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն առաքելությանը, եթե չի համապատասխանում այն չափանիշներին, որոնց պաշտպանությամբ զբաղվում է, եթե չի կրում այն արժեքները, որոնց տարածմանը ջանում է նպաստել, դրանք պոպուլյարիզացնել: Ընդ որում՝ կարևոր է նաև արձանագրել, որ իր գործունեության մեջ ոստիկանությունը չափազանց կարևում է փաստարկվածության հանգամանքը. չնայած կոռուպցիայի ու ամենաթողութան դեմ մղվող կատաղի պայքարին՝ այն առաջնորդվում է բացառապես օրենքի տառին համապատասխանող կանոններով, ջանում չգերազանցել սեփական գործառույթներն ու լիազորությունները. հիմնավոր փաստերի ու անվիճելի վկայութունների հիմքով է, որ ոստիկանությունը կարող է այս կամ այն անձին հետապնդել, ենթարկել պատասխանատվութան՝ բացառելով «վենդետա» կոչված երևույթը: Չկան փաստեր, չկան և հանցագործներ՝ահա այն հիմնական սկզբունքը, որով այսօր առաջնորդվում է Օսիպյանը: Իսկ այս ամենը նշանակում է, որ մեզ իսկապես հաջողվել է կերտել նոր Հայաստան, որը, նկատենք, շարունակական գործընթաց է՝ ենթադրող քրտնաջան աշխատանք ու անձնուրացություն. անկասկած, հենց վերոհիշյալ երևույթներն են ընկած ներկայիս ոստիկանության անբիծ հեղինակության ու ունեցած համաժողվրդական վստահության հիմքում՝ փաստ, որն իսկապես ոգևորիչ է, փաստ, որը բնորոշ կարող է լինել բացառապես ժողովրդավարական երկրներին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր