Հաղորդավար Վրույր Թադեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Հանրային ռադիոն դադարեցրել է պայմանագիրն իր հետ։
««Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ն դադարեցնում է ինձ հետ կնքած աշխատանքային պայմանագիրը: Օգոստոսի 1-ից այլևս Հանրային ռադիոյի պրոդյուսեր, լրագրող չեմ: Այս ընթացքում ինձ վստահվեցին մի շարք խոշոր ու կարևոր նախագծեր, որոնք պատվով իրականություն դարձրի: Շատ նախագծեր այդպես էլ չհասցրինք իրագործել... Իմ պրոդյուսերական հաղորդումները բնականոն հունով կշարունակվեն, ցավոք` առանց ինձ: Իսկ «Պատմական Հայրենիք» նախագիծը, որի հեղինակ-վարողն էի, ամփոփում եմ այս ամիս: Եվ այսպես էլ ընդհատվում է մոտ 10 տարվա ամուր կապս իմ սիրելի ռադիոտան ու սիրելի ռադիոլսողների հետ:
Շնորհակալ եմ վստահության համար:
Լավ եղեք, էլի կգամ...»,- գրել է նա։
Նշենք, որ Վրույր Թադևոսյանը Հայաստանի հանրային ռադիոյում աշխատում է 2009 թվականից: Աշխատել է իբրեւ լրագրող, խմբագիր, ապա նաեւ պրոդյուսեր։
Հիշեցնենք նաեւ, որ հեղափոխության ժամանակ՝ ապրիլի 22-ին, Վրույր Թադևոսյանի վրա մի խումբ դիմակավորված անձիք հարձակում էին գործել, երբ նա,որպես Հանրային ռադիոյի լրագրող իր մասնագիտական պարտականություններն էր կատարում` լուսաբանելով կատարվող իրադարձությունները: