ՀՀ Կառավարության հերթական նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Անտարես» հրատարակչությունից գրքեր են նվեր ստացել: «Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը Հայաստանում, հատկապես կառավարության անդամների շրջանում: Այլ հրատարակչություններ նույնպես, եթե ցանկանում են այսպիսի գործընթաց ունենալ, մենք հաճույքով նրանցից էլ նվերներ կընդունենք եւ նրանց անունը կբարձրաձայնենք, որպեսզի գրահրատարակչությանը եւ ընթերցանության աջակցենք: Իհարկե, ավելի լավ կլինի, եթե դրան աջակցելու քաղաքականություն ունենանք: Ուզում եմ հավաստիացնել, որ ի հեճուկս տարածված կարծիքի, Հայաստանում այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գործեր, որոնց ընթերցումը շատ բան կտա բոլորիս: Հույս ունեմ, որ մեր աշխատանքը կարող ենք կազմակերպել այնպես, որ գեղարվեստական գրականության ընթերցանությանն էլ բավարար ժամանակ տրամադրենք»,-ընդգծեց Փաշինյանը:
Իսկ ահա կառավարության նիստի ավարտին վարչապետը թվարկեց մի քանի գրքերի անուններ եւ նրանց հեղինակներին: Մասնավորապես, Հրաչյա Սարիբեկյան «Երկվորյակների արեւը», «Ապուշների ուղեւորությունը», Վահրամ Մարտիորսյան՝ «Սերը Մոսկվայում», Գրիգի «Հիսուսի կատուն» եւ այլ գրքեր:
Վարչապետը խորհուրդ տվեց ծնունդ գնալիս իրար գրքեր նվիրել: Ի դեպ Փաշինյանը կատակով նկատեց, որ շատ ուրախ է, որ իրեն բարակ գիրք է բաժին հասել: