00:00:00

Չարաշահումներ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում. հարուցվել է քրեական գործ

14:04, 10 հուլիս 2018

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում  առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ համալսարանի նախկին պրոռեկտոր Ա.Ֆ.-ն, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկան Ա. Խ.-ն մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Իսկ նշված հանցավոր արարքը քողարկելու նպատակով ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել: Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ  ինստիտուտի 2010-2012թ.թ. 2 ուսումնական տարիներին, որպես ուսումնական վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1.185.492.655 ՀՀ դրամ գումար, որից 722.285.794 դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած 463.206.861 դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել: Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում բուհում հրավիրվել է դեկանատների գործավարների ժողով և հանձնարարվել կազմակերպել դրամահավաք դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու համար՝ յուրաքանչյուր շրջանավարտից 5.500 ՀՀ դրամի չափով: Արդյունքում չորս տարում շրջանավարտներից հավաքագրվել է ընդհանուր շուրջ 20.000.000 ՀՀ դրամ՝ այն դեպքում, երբ դրա համար բուհի բյուջեով նախատեսված են եղել համապատասխան միջոցներ: Նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են նշված բուհի աշխատակիցների կողմից հանցակցությամբ և իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, ինչպես նաև հանցակցությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու մասին: Նկատի ունենալով այս հանգամանքը՝  նշված փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր